
Իշխանություններն ասել են՝ Ալիևը կջղայնանա. փորձել են խոչընդոտել «Եռաբլուր»-ի միջոցառումը. Վանեցյան
Հայաստանի իշխանությունները փորձել են խոչընդոտել, որ այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում միջոցառում չանցկացվի։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «Արցախի կանչ» հուշարձանի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը։
«Փորձել են խոչընդոտել, սկզբից ցանկացել են չթողնել, բանավոր մեզ տեղեկացրել են, որ չգաք, այսօր բացումը չանեք։ Ասել են՝ ուժ ենք կիրառելու, բայց հետո երևի հասկացել են, որ նման քայլի գնալը շատ սխալ կլինի իրենց կողմից։ Փոքրիկ վատություն են արել, լույսերն են անջատել, թույլ չեն տվել, որ այստեղ բարձրախոսներ տեղադրվեն, որ մարդիկ, զոհվածների ծնողներն իրենց սրտի խոսքն ասեն»,- ասաց Վանեցյանը։
Նա տեղեկացրեց, որ «Արցախի կանչ» հուշարձանի կառուցման գաղափարը ծնվել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ու Արցախի մյուս ղեկավարների մոտ, սակայն հուշարձանի կառուցումը ֆինանսավորվել է Վանեցյան ընտանիքի անձնական միջոցներից։
Վանեցյանը նաև ընդգծեց՝ թեպետ վերջին շրջանում թե՛ թշնամի պետությունների, թե՛ ՀՀ իշխանությունների կողմից քայլեր են ձեռնարկվում Արցախի էջը փակելու ուղղությամբ, սակայն վստահ է՝ դա անհնար է։
«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց նաև, որ մինչ օրս Նիկոլ Փաշինյանի գոյությունն է եղել սպառնալիք Հայաստանի և Արցախի համար, և այսօր Արցախի չլինելը դրա վառ ապացույցն է։
«Հակադրելու բան չկա, խաղաղությանը որևէ բան չես կարող հակադրել։ Ով կասի, թե խաղաղությանը դեմ է, նա հոգեկան խանգարումներ ունեցող մարդ է, բայց պետք է հասկանանք, թե ի՞նչ է առաջարկում մեզ այս իշխանությունը։ Այս իշխանությունը ցույց է տվել, որ որևէ, նույնիսկ ամենաբարի ցանկություններով արարք իրենք չի կարողանում անել նորմալ, որ օգուտ կբերի մեր երկրին ու հայրենիքին»,- ասաց Վանեցյանը։
Նա նշեց, թե վստահ չի, որ իշխանությունները կկարողանան կյանքի կոչել «Խաղաղության օրակարգը»։