Ես խոստանում եմ, որ այս դատավարությունը լինի դասընթաց, թե ինչպիսի նախագահող չպետք է լինի. հանգստությամբ ապօրինություն եք անում. Երեմ Սարգսյանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանին

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, մեկնարկել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով առաջին դատական նիստը։

Նախորդ դատական նիստը շարունակվեց մեղադրող կողմի ներկայացրած ապացույցների հետազոտությամբ: Սրբազանը նշել էր իր հանդիպումների, հարցազրույցների, կարևոր տարեթվերի մասին։ Հեղաշրջում բառը գտել են օրագրի մի դրվագում։

«Հարցազրույց տվեցի «168 ժամին», դատապարտեցի իշխանությանը՝ կոչ անելով հեղաշրջման»: Այս հատվածը հատկապես ուշադրության է արժանացել մեղադրող դատախազի կողմից , որով, ըստ նրա` ապացուցվում է միտումն «իշխանազավթման»:

Պաշտպան Մարինե Ֆարմանյանը հակադարձեց` աննախադեպ է. ՀՀ-ում աննախադեպ բան է տեղի ունեցել, մարդը դատվում է ոչ միայն խոսքի, այլև մտքի համար:

Կարդացեք նաև

Այսօրվա դատական նիստը սկսվեց նախորդ դատական նիստին պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունների վերաբերյալ մեղադրող կողմի դիրքորոշումներով։ Փորձագետի կարծիքի մասին միջնորդության վերաբերյալ մեղադրող դատախազ Վահան Հարությունյանը նշեց՝ նշված չէ՝ որպես փորձագետի հիմնավորումը, լիազորումը։ Ի դեպ, այս գնահատականը դատախազը տվեց երկու փորձագետների՝ Նարինե Դիլբարյանի և Վանո Եղիազարյանի վերաբերյալ:

Փաստաբան Հարութ Ակլունցը, պատասխանելով մեղադրող կողմին, հիշեցրեց, որ այս գործում մեծ փիղ կա, որը բոլորը փորձում են շրջանցել.

«Նույն արարքը դատախազությունը 2023թ.-ին հանցագործություն չի որակել, 2024թ.-ին համարել է հանցագործություն։ Սա այս գործի ամենամեծ աղաղակող անարդարությունն է:

«Քրեական իրավունքում քիչ է լինում, որ հասարակության սիմպատիան մեղադրյալի կողմն է: Այս դեպքում իրավիճակն այլ է, որովհետև հասարակությունն ամենասկզբից կողմնապահություն է տեսել այս գործում»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ փորձագետի կարծիքն ապացույցի տեսակ է, ու դրան ավելի նվազ նշանակություն տալը ճիշտ չէ:

Ակլունցի դիտարկումն այն մասին էր, որ մեղադրողը 2023թ. հարցազրույցի սկավառակը կցելու միջնորդությունը համարել է ոչ վերաբերելի։ Դա այն հարցազրույցն էր, որի վերաբերյալ դատախազությունն ասել էր` հանցակազմ չկա:

Դատարանը փաստաբաններից փորձեց ճշգրտել «փորձագետ» և «մասնագետ» տերմինների տարբերությունը։ Հարութ Ակլունցն ի պատասխան՝ նկատեց` նոր Քրեական դատավարության տրամաբանությունից է բխում տերմինի ընտրությունը:

Դատարանը բավարարեց կրիչի հետազոտության միջնորդությունը, փաստաբանի լիազորագրի հարցը։ Փորձագետի կարծիքը ևս ներառվեց ապացույցների թվում` դրա պատշաճ լինել-չլինելու գնահատումը թողնելով այլ փուլի։

Հաջորդիվ անցան դատախազության հաղորդագրության և 2023թ.-ի տեսանյութը հետազոտելուն, որում նույն դատախազությունը հանցակազմ չէր տեսել:

Բայց տեխնիկական խնդրի պատճառով նախ հետազոտվեց փորձագետի կարծիքը: Պաշտպան Ռոման Ահարոնյանը ներկայացրեց Բանասիրության դոկտոր-պրոֆեսոր Վանո Եղիազարյանի կարծիքը՝ ինչպե՞ս է ստուգաբանվում «կոչ» բառը:

Հարցին ի պատասխան՝ Վանո Եղիազարյանը հղում է տվել Աղայանի բառարանին, ըստ որի՝ իմաստներն են՝ կանչ, դիմում, լոզունգ: Ինչ վերաբերում է Աջապահյանի արտահայտություններին, ապա դրանք չեն պարունակում կոչ, այլ գնահատողական դատողություններ

«Կոչի համար անհրաժեշտ է հրամայական բայ»,- ասել է փորձագետը՝ դրանք որակելով որպես պատմողական նախադասություններ, որոնք իրենց մեջ մտահոգություն են պարունակում:

Հաջորդ կարծիքը Նարինե Դիլբարյանն է ներկայացրել: Նա ևս Աղայանի բառարանին է նախ հղում տվել՝ արձանագրելով, որ այն ուղիղ իմաստով նշանակում է կանչ, դիմում, ապա հավելել նաև ժամանակակից հայերեն բառարանի «հրավեր» իմաստը: Դիլբարյանը Աջապահյանի` գործի մաս դարձած հարցազրույցներում ևս կոչեր չի արձանագրել՝ նկատելով, որ այնտեղ ավելի շատ են հարցական նախադասությունները:

«Խոսքի ամբողջ ընթացքում հեղինակը կիրառում է սահմանական, ըղձական, 1 ենթադրական և 1 հարկադրական եղանակով ժամանակաձևեր»,- հավելել է Դիլբարյանը` ընդգծելով հրամայական եղանակի բացակայությունը: Որևէ կոչ՝ ուղղված իշխանությունը զավթելուն, այս խոսքում չկա, այստեղ բացակայում են նաև ժողովրդական զանգվածները:

Աջապահյանի պաշտպան Ակլունցը դատախազության համար ընթերցեց «Հայոց լեզվի» 7-րդ դասարանի դասագրքի բայի ժամանակաձևերի մասին դրվագը:

Ապա անցում կատարվեց 2023թ. այն հարցազրույցին, որով դատախազության պարզաբանումը փաստել էր` հանցակազմ չկա:

«Ո՞նց է լինում, որ 2023-ին ասել էր՝ հանցանք չէր, բայց նույն բանը 2024-ին դարձավ հանցանք: Ո՞նց կարող է պետության վերաբերմունքը միևնույն անձի արարքի մասին այսպես կատեգորիկ փոխվել»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Ուսումնասիրվեցին նաև տեսանյութեր, որոնք փաստում էին, որ Սրբազանի փաստաբան Թամարա Յայլոյանին թույլ չեն տվել մասնակցել Շիրակի թեմի առաջնորդարանի խուզարկությանը: Դատախազը պնդեց, թե տեսանյութով չի հաստատվում այն, որ Յայլոյանի մուտքը խոչընդոտվել է:

Ակլունցը նշեց, որ փաստաբանին թույլ չեն տվել անգամ իր լիազորագիրը ցույց տալ վարույթն իրականացնող մարմնին:

Մարինե Ֆարմանյանը զայրույթով հակադարձեց դատախազին` ո՞ւր ենք հասել, փաստաբանը, լիազորագիրը ձեռքին, լրագրողին ասում է՝ իրեն թույլ չեն տալիս մասնակցել, այստեղ Սովետմիության տրամաբանության մեջ առարկություններ ենք լսում: Ժամավաճառություն որակեց սա պաշտպանը:

«Ի՞նչ նոր լույսի ներքո. ՀԷՑ-ի պետականացումից հետո դատախազությունում լույսերը ոնց որ լավ չեն աշխատում»,- ասաց Մարինե Ֆարմանյանը:

Հաջորդիվ քննարկվեց ապացույցների անթույլատրելիության հարցը: Դատավորն Ընթացակարգի խախտման մասով փորձագետի կարծիքն անթույլատրելի ճանաչեց, մյուսների մասով ընդունեց:

Երեմ Սարգսյանը միջնորդեց Շիրակի թեմի առաջնորդարանի խուզարկությունը, Առաջնորդարանի համակարգիչն ու Միքայել սրբազանի օրագիրը ճանաչել անթույլատրելի ապացույց:

«Քննիչն ասում է՝ սրանք վերցրու, տար. գնում է ու մի 20 րոպե չկա. բա ո՞ւր մնաց ապացույցների անփոփոխելիության հարցը»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Դատարանը թույլատրելի ճանաչեց խուզարկությունը՝ այն հիմքով, որ քննիչը հայտնի է, բավարար է, կապ չունի՝ ով է տեսանկարահանել:

Ըստ դատավոր Մելիքսեթյանի՝ խուզարկությանը պարտադիր չէ նաև օրինական ներկայացուցչի ներկայությունը:

Ինչ վերաբերում է Միքայել սրբազանի օրագրի զննությանը, ըստ դատավոր Մելիքսեթյանի՝ այն անթույլատրելի ճանաչելու՝ պաշտպանական կողմի միջնորդությունը նույնպես հիմնավոր չէ:

«Դուք ի վիճակի չեք այս գործով դատական քննություն իրականացնել… Ես խոստանում եմ, որ այս դատավարությունը լինի դասընթաց, թե ինչ չպետք է անել ու ինչպիսի նախագահող չպետք է լինի: Հանգստությամբ ապօրինություն եք անում»,- Երեմ Սարգսյանի արձագանքն էր դատավորին:

Այնուհետ պաշտպան Ակլունցը հանդես եկավ 2025թ. հուլիսի 27-ի խուզարկության արձանագրությունն անթույլատրելի ապացույց ճանաչելու միջնորդությամբ:

Դատավորը մերժեց բոլոր միջնորդությունները, ինչին ի պատասխան՝ Միքայել սրբազանն արձագանքեց՝ ամոթ է, ամոթ:

Դատական նիստն ավարտվեց. Հաջորդ նիստը կկայանա վաղը՝ 14:30-ին:

Հիշեցնենք` ըստ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգի՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել «այն բանի համար, որ նա, ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ, հետևաբար, նաև իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների հետ, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները՝ նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև՝ 2025 թվականի հունիսի 21-ին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր»։

«Քանի անգամ ասացի բացեիբաց՝ ռազմական հեղաշրջում ա պետք, պատերազմի օրերին ասացի և նախագահներին ասացի՝ Քոչարյանին և Սերժին: Ասացի՝ լավ, Դո՛ւք, պարոն նախագահ Քոչարյան, տասը տարի նախագահ եք եղել, դրանից առաջ մի տարի-երկու տարի էլ՝ վարչապետ, չէ՞, էդքան տարի էլ՝ Ղարաբաղի նախագահ, Դուք Ձեր կողմնակից, գաղափարակից ոչ մի գեներալ չունե՞ք, ո՛չ բանակում, ո՛չ ոստիկանությունում, ո՛չ ազգային անվտանգությունում, որ գան Ձեր կողքը կանգնեն և հեղաշրջում իրականացնեն։ Եթե իրենցով է։ Սե՛րժ, դու ավելի՝ տասը տարի նախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, ներքին գործերի նախարար, ազգային անվտանգության նախարար, ազգային անվտանգության քարտուղար, էլ պաշտոն կա՞, որ չես տարել, հա, Շախմատի ֆեդերացիայի նախագահ։ Դու ոչ մի գեներալ քեզ նվիրված չունե՞ս, ո՛չ ոստիկանությունում, ո՛չ ազգային անվտանգությունում, ո՛չ բանակում, որ հելել ես փողոց, պատիվ ունեմ-մատիվ ունեմ։ Ռեալ պոլիտիկը ինչի՞ մասին էր խոսում, էդ ռեալ պոլիտիկն է, չէ՞, որ ընտրությունով չի, հնարավոր չի սա փոխել։ Ո՞ւր եք գնացել ընտրության, ո՞ւր եք մտել ընտրության։ Նշանակում է՝ ձեր նպատակը փոխելը չի։ Բա ձեզանից լավ ո՞վ պիտի իմանա, որ սա ընտրությամբ չի փոխվի…»,- 2024 թվականին Gala TV-ի տեսագրության մեջ ասել էր նա։

Ի դեպ, մինչ այդ՝ 2020, 2023 թվականներին ևս Միքայել արքեպիսկոպոսը նույնատիպ հայտարարություններ էր արել, սակայն դրանց համար նրա նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել։ Ավելին` 2023 թվականին արված հայտարարությունից հետո «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Դատախազություն, սակայն վարույթ չի նախաձեռնվել։ Եվ միայն այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հունիսի սկզբին սկսեց իր հրապարակային խոսքում թիրախավորել հոգևորականներին, իրավապահները հիշեցին Աջապահյանի՝ ավելի քան մեկ տարի առաջվա հայտարարությունը, ու վարույթ նախաձեռնվեց։

Դատական նիստն ավարտվեց: Հաջորդ նիստերը կկայանան օգոստոսի 25-ին, 26-ին և 28-ին՝ ժամը 14:30-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս