
Ճշտե՞լ եք՝ ո՞րն է այն սահմանը, որից հետո Փաշինյանն այլևս բան չի հանձնի. Հայկ Մամիջանյան
«Մեր արտաքին քաղաքականությունը դարձել է համահունչ միջազգային գործընթացների հետ». այս մասին Կապանում օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի մեկնարկի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Բոլոր այն աղետները, որոնք մենք մեր պատմության ընթացքում ունեցել ենք, առանձնահատկություններն ուսումնասիրելիս գալիս ենք մի արձանագրման, որ մենք այդպես էլ, որպես կանոն, չենք կարողացել մեր պատմության տակտը համահունչ դարձնել միջազգային զարգացումների տակտի հետ: Այն, ինչ Վաշինգտոնում տեղի է ունեցել, նշանակում է՝ մեր քաղաքականության տակտը դարձել է համահունչ միջազգային որոշակի պրոցեսների հետ: Սա չափազանց կարևոր է, և սա, թերևս, մեր մի քանի հարյուրամյակների առաջին իրատեսական և ռեալ հնարավորությունն է՝ դառնալ միջազգային զարգացումներին համահունչ: Սա չափազանց կարևոր արձանագրում է»,- ասել է նա:
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի համար Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը շատ հեռու է բալանսավորված լինելուց։
«Շուտասելուկ է դարձրել՝ բալանսավորող, բալանսավորված… Փաշինյանը Հայաստանի միջազգային կշիռն է զրոյացրել, Հայաստանի սուվերեն տարածքից չի հեռացրել ադրբեջանական Զինված ուժերը, և նման ղեկավարը խոսում է բալանսավորման մասի՞ն. ծիծաղելի է»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ իրականում՝ գետնի վրա, Վաշինգտոնում տեղի ունեցածը ձեռքբերում էր երկու երկրների՝ Ամերիկայի և Ադրբեջանի, և Նիկոլ Փաշինյան անձի համար, բայց ոչ երբեք՝ Հայաստանի։
«Վաշինգտոնում երկու երկիր էր ներկայացված և մեկ անձ՝ Նիկոլ Փաշինյան. Հայաստանի շահն անգամ չեն էլ ներկայացրել։ Ստացել է ոչ թե Հայաստանը, այլ Փաշինյանը. այդ թուղթն առնելու, ընկնելու է մարզերով, և պատկերացնո՞ւմ եք, թե ինչ քարոզարշավ է անելու,- ասաց Հայկ Մամիջանյանը՝ Փաշինյանի՝ խաղաղություն բերելու կեղծ խոստումներին հավատացողներին հարց ուղղելով,- Լավ, ճշտե՞լ եք, իսկ ո՞րն է այն սահմանը, որից հետո Փաշինյանն այլևս բան չի հանձնելու։ Տալով այն, ինչ ուզում են՝ խաղաղություն չես բերելու. դա պատերազմ կանխել չի։ Կամ, եթե պատերազմ կանխող տղա էր, ինչո՞ւ չկանխեց, օրինակ, 2020 թվական հոկտեմբերի կեսերին. չէին լինի հազարավոր զոհերը։ Կրկնում եմ՝ անվերջ հանձնելով՝ հնարավոր չէ խաղաղության հասնել»։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը վստահեցրեց՝ Փաշինյանը Հայաստանի համար ստացել է ոչ թե անվտանգություն կամ խաղաղություն, այլ 2026 հերթական ընտրություններին ընդառաջ քարոզչություն անելու համար թղթեր։
«Մայկաներ է հագնելու, տատուներ անելու դեմքին. ինչ ասես չի անելու այդ վաշինգտոնյան թղթերից»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։