Ինչո՞ւ է աճուկային ճողվածքն ավելի շատ հանդիպում տղամարդկանց մոտ, որքանո՞վ է վտանգավոր երեխայի լացը․ պարզաբանում է վիրաբույժը

Աճուկային ճողվածքը որովայնային ճողվածքների առավել տարածված տեսակներից է, որի ժամանակ որովայնի պարունակությունը, օրինակ, աղիքի մի մասը, դուրս է գալիս աճուկային խողովակից՝ հայտնվելով մաշկի տակ: Խնդրի մասին առավել մանրամասն զրուցել ենք «Արաբկիր» բժշկական կենտրոնի Ընդհանուր և մանկական վիրաբույժ Գարիկ Առաքելյանի հետ։

Ի՞նչ է աճուկային ճողվածքը, ո՞ր դեպքում է առաջանում։

– Եթե կարճ ձևակերպենք՝ այն աճուկային շրջանում ճողվածքային արտափքումն է։ Ճողվածքներն ունենում են տարբեր տեղակայում․ որովայնի առաջնային պատի աճուկային շրջանի ճողվածքային արտափքման երևույթն անվանում ենք աճուկային ճողվածք։

Աճուկային ճողվածքների առաջացումը տարիքային տարբեր խմբերում տարբեր է։ Մանկական պրակտիկայում այն բնածին երևույթ է, իրենից ներկայացնում է զարգացման բնածին արատ, երբ երեխան ծնվում է՝ իր հետ ունենալով ճողվածքային պարկ, որը նախատրամադրող գործոն է հանդիսանում։ Ճողվածքապարկի մեջ հայտնվում են աղեգալարներ, իսկ աղջիկ երեխաների շրջանում՝ երբեմն նաև գինեկոլոգիական օրգանները, ինչպիսիք են՝ արգանդափողը, ձվարանը, ինչը լուրջ խնդիր է հանդիսանում։

Կարդացեք նաև

– Ժառանգական բնո՞ւյթ է կրում։

– Այո, ընդգրկում է ժառանգական կոմպոնենտ, քանի որ, երբ երեխաների դեպքում անամնեզ ենք հավաքում, պարզվում է՝ ծնողներից մեկը կամ երկուսը մանկական շրջանում ունեցել են աճուկային ճողվածք և վիրահատվել են։ Նշվում են նաև այլ գործոններ, ինչպիսիք են՝ ցածր քաշով նորածինները, վաղաժամ ծնվածները, որոնց դեպքում աճուկային ճողվածքը գրեթե միշտ դրսևորվում է։ Կան նաև ժառանգական բնածին արատներ, որոնց դեպքում աճուկային ճողվածքն ուղեկցող խնդիր է հանդիսանում։

Հանդիպում է նաև դեռահասների մոտ։

Այո։ Կարող է հանդիպել 0-ից մինչև անսահմանություն։ Մարդու կյանքի տարբեր ժամանակահատվածներում կարող է դրսևորվել։ Երեխաների դեպքում մինչև 18 տարեկանը միշտ կապում ենք բնածին ճողվածքների հետ, իսկ չափահասների շրջանում նշանակություն ունի աճուկային շրջանի մկանային թուլությունը՝ կախված կենսակերպից, ֆիզիկական գործոններից, օրգանիզմի ընդհանուր վիճակից, տարբեր հիվանդություններից, որոնք առաջացնում են մկանային թուլություն․ դրանք են՝ քրոնիկ հիվանդությունները, քրոնիկ փորկապությունը, ծանր ֆիզիկական աշխատանքը, նստակյաց կյանքը, գիրությունը։ Չափահասության շրջանում աճուկային ճողվածքը ձեռքբերովի է։ Լինում է այնպես, որ ժառանգական նախատրամադրվածությամբ բնածին աճուկային ճողվածքը կարող է դրսևորվել նաև չափահաս տարիքում, ինչը պարզ է դառնում վիրահատության ժամանակ։

Ո՞ր գործոններն են նպաստում աճուկային ճողվածքի արտահայտվելուն։

– Մանկական շրջանում դա կարող է լինել երեխայի անհանգստությունը, լացը, որը հանդիսանում է աճուկային ճողվածքի ճողվածքային արտափքման առաջացման նախատրամադրող գործոն։ Իսկ չափահասների շրջանում ֆիզիկական ակտիվության ժամանակ դրսևորվող ճողվածքային արտափքումն է կամ ցավը։ Սկզբնական շրջանում կարող է դրսևորվել անցողիկ ուռածությամբ, որն ուղեկցվում է ցավով։ Դիմելով մասնագետին՝ կատարվում է ախտորոշում։ Անգամ ձեռքով շոշափելով զգում ենք ճողվածքապարկը, ճողվածքային արտափքում էլ ակներև է։

Երեխաների մոտ աճուկային ճողվածք հայտնաբերելիս վիրահատո՞ւմ են, թե՞ սպասում են, մինչև չափահաս դառնա։

– Ճողվածքի վիրահատական միջամտության համար երեխայի տարիքը նշանակություն չունի։ Կարող է իրականացվել վաղ նորածնային շրջանից սկսած։ Երբ հայտնաբերվում է՝ արդեն վիրահատական միջամտության ցուցում է հանդիսանում, քանի որ աճուկային ճողվածքի առկայությունը կարող է սուր խնդրի դրսևորման պատճառ դառնալ՝ հատկապես նորածնային շրջանում։ Ճողվածքի պարունակությունը հիմնականում բարակ աղիների գալարներն են, և ճողվածքը դրսևորվելով ճողվածքային արտափքման ձևով, արդեն օղակում է ենթադրում, ու սա կապելով երեխայի անհանգստության հետ և ուշ բժշկի դիմելու արդյունքում կարող է ճողվածքի օղակումը պահպանվել ու իրենից լուրջ վիրաբուժական խնդիր ներկայացնել։ Կարող են լինել աղիների սնուցման խանգարումներ, հանգեցնել աղիների մասնահատման, ուստի խորհուրդ է տրվում երեխաների շրջանում ճողվածքի վիրահատությունն իրականացնել այն ժամանակ, երբ հայտնաբերվում է։

– Եթե ընտանիքի մեկ անդամի մոտ հանդիպել է աճուկային ճողվածք՝ նշանակում է, մյուսների մոտ և՞ս կարող է հանդիպել։

– Ոչ։ Նման տվյալներ չկան, բայց հավանականություն կա։ Ամեն դեպքում, պարտադիր գործոն չէ։

Ինչո՞ւ է աճուկային ճողվածք ավելի շատ հանդիպում տղամարդկանց մոտ։

– Հայտնի է, որ ֆիզիկական աշխատանքով հիմնականում զբաղվում են տղամարդիկ, և հաշվի առնելով այդ գործոնը, ինչպես նաև տղամարդկանց անատոմիական առանձնահատկությունը, այն, որ աճուկային շրջանը հանդիսանում է թույլ դիմադրության տեղ, ներորովայնային ճնշման բարձրացումները նախատրամադրող ֆոնի ժամանակ նպաստում են աճուկային ճողվածքի դրսևորմանը։

Աճուկային ճողվածքը չափահասների դեպքում պետք է անպայման վիրահատե՞լ, թե՞ կարող են հետաձգել։

– Բուժման ուրիշ մեթոդ չկա։ Միայն վիրահատական միջամտություն է իրականացվում ոչ միայն այս, այլև բոլոր ճողվածքների դեպքում։

– Աճուկային ճողվածքի վիրահատությունից հետո հնարավո՞ր է կրկնություն։

– Այո, կրկնության դեպքեր լինում են, սակայն ժամանակակից վիրաբուժության այս զարգացման մակարդակում կրկնության հավանականությունը բավականին քիչ է։ Աճուկային ճողվածքի վիրահատական միջամտության ընդունված երկու տարբերակ կա։ Բաց, որը միշտ իրականացվել է, և ժամանակակից լապարասկոպիկ եղանակը, որը ենթադրում է փոքր կտրվածքներ, կոսմետիկ առավելություններ, հիվանդների վաղ ապաքինում։

– Ի՞նչ չպետք է անեն վիրահատված մարդիկ։

– Վիրահատված մարդիկ պրակտիկորեն լինում են այնպես, ինչպես մյուսները։ Հետվիրահատական շրջանում ապաքինման որոշակի ժամանակահատված կա։ Դրանից դուրս իրենք լինում են այնպես, ինչպես նախկինում, հատկապես, եթե վիրահատությունն իրականացվել է լապարասկոպիկ ճանապարհով։

Ներկայումս աճուկային ճողվածքի վիրահատություններն իրականացվում են ցանցերի տեղակայմամբ։ Եթե բուժառուն այդ հատվածի մկանային թուլություն ունի, իրենց դեպքում է վիրահատության կրկնության հավանականությունը մեծ։

Միջին տարիքի մարդկանց դեպքում կրկնության հավանականությունը շատ քիչ է։

Շատ ծանր աշխատանքը՝ անկախ նրանից, մարդն ունի՞ ճողվածք, թե՞ ոչ, ցանկալի չէ։ Մարդը կարող է ընդհանրապես ճողվածք չունենալ, բայց քրոնիկ ֆիզիկական աշխատանքով զբաղվելու դեպքում այն ճողվածքի դրսևորման նախատրամադրող ֆոն է։

Վիրահատված մարդու դեպքում առաջին երկու ամսում են սահմանափակումներ լինում՝ ֆիզիկական ծանրաբեռնվածության, ակտիվության հետ կապված։ Մեծ նշանակություն ունեն ներորովայնային ճնշման բարձրացմանն ուղեկցող այնպիսի վիճակները, ինչպիսիք են փորկապությունը, քրոնիկ բրոնխաթոքային հիվանդությունները, որոնք հազով են ուղեկցվում՝ բերելով ներորովայնային ճնշման բարձրացումների՝ ճողվածքի առաջացման և կրկնության դեպքում։ Սակայն, եթե իրականացվել է ադեկվատ ցանցային պլաստիկա, այդ ժամանակ կրկնությունը շատ քիչ է։

– Որովայնի հատվածում մկաններն ամրացնելու համար ի՞նչ քայլեր կարելի է կատարել։

Ամրացնելու քայլն իրականացված ցանցային պլաստիկան է, որը ամուր կարկաս է հանդիսանում։ Այն դրվում է հյուսվածքների շերտերի միջև, և ժամանակի ընթացքում պինդ, ամուր շերտ է ձևավորում, որն էլ կանխարգելում է այդ հատվածում ճողվածքի դրսևորումն ու առաջացումը։

Աճուկային ճողվածքի ժամանակ սեղմող գոտիներ կարո՞ղ են օգտագործել։

– Ոչ, դա շատ սխալ մոտեցում է։ Նախկինում առաջարկված եղանակ է՝ վիրահատությունը հետաձգելու համար կամ, ենթադրաբար, նման կերպ բուժել ճողվածքը, սակայն դրանք ունեն իրենց բացասական ազդեցությունը։ Ճնշելով ճողվածքային պարկի շրջանում՝ առաջ են բերում կպումներ, բորբոքումների առաջացում, որն իրականացվող վիրահատական միջամտության համար տեխնիկական դժվարություններ է ստեղծում վիրաբույժի համար և ծանր հետվիրահատական շրջան՝ բուժառուի համար։ Ուստի խորհուրդ է տրվում՝ ներկայումս չկիրառել նման ճնշող գոտիներ։

Դեղատներում հնարավոր է հանդիպել ճնշող գոտիների, որոնք օգտագործվում են աճուկային, պորտային ճողվածքների դեպքում, և դա կատեգորիկ սխալ է։ Ճողվածքի դեպքում դրանք միայն բացասական ազդեցություն ունեն։ Պորտային ճողվածքի դեպքում նախկինում որպես բուժման միջոց է առաջարկվել, իսկ հիմա ապացուցված է դրանց վնասակար ազդեցությունը։ Դրանք թույլ չեն տալիս, որ երխաների մոտ պորտային ճողվածքը մինչև 5-6 տարեկանն ինքնուրույն անցնի։

– Աճուկային ճողվածք նաև հղիությա՞ն ժամանակ է առաջանում։

– Այո, հղիությունն էլ նախատրամադրող գործոն է հանդիսանում ոչ միայն աճուկային, այլև պորտային, սպիտակ գծի ճողվածքի առաջացման համար։ Դա ֆիզիոլոգիական վիճակ է, բայց, եթե կա որովայնի առաջնային պատի թույլ դիմադրության հատված՝ նպաստում է, որպեսզի ճողվածքը դրսևորվի։ Ուստի կարևոր է հղիությունը պլանավորելուց առաջ ճշտել՝ ունե՞ն ճողվածքներ, թե՞ ոչ, և, եթե կա խնդիր, խորհուրդ է տրվում դա լուծել, նոր պլանավորել հղիություն, քանի որ հղիության շրջանում ճողվածքի առաջացումը կարող է բերել սուր խնդրի առաջացման, որը ցանկալի չէ։

– Երբ հազում են և որովայնի հատվածում ցավ են զգում, դա ահազա՞նգ է։

– Երբեմն՝ այո, երբեմն՝ ոչ։ Նայած, որ հատվածում են ցավ զգում։ Կան թույլ դիմադրության տեղեր, ինչպիսիք են աճուկային շրջանը, պորտային շրջանը, սպիտակ գիծը։

Կարևոր ախտանշաններից է ճողվածքային արտափքումը՝ որովայնի առաջնային պատին ուռածության առկայությունը։ Եթե ցավ ու արտափքում չկա՝ պետք չէ անհանգստանալ։

Տեսանյութեր

Լրահոս