«Հայաստանը դարձնում են թուրքերի ստրուկը… ամենաուշը սեպտեմբերից Նիկոլը կկատարի այդ հանձնարարությունը». Նաիրա Կարապետյան

«Վաշինգտոնյան հանդիպումը և Վաշինգտոնում կնքված փաստաթուղթն այն մեծ կարևորությունը չունեն, որը փորձեց տրվել հայաստանյան դաշտում: Վաշինգտոնում տեղի ունեցավ քայլիստների համար անհավանական բան՝ Փաշինյանն ընդունվեց ամենաբարձր մակարդակով, եղան մի քանի այլ ոլորտի համագործակցության նախանշումներ, ինչը ՔՊ-ի համար քարոզչության մեծ դաշտ է բացում՝ փորձելու վերականգնել վերջին շրջանի իրենց գահավիժած հեղինակությունը»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը:

«Նիկոլ Փաշինյանի շրջադարձը դեպի ԱՄՆ, ԱՄՆ-ին որպես «Զանգեզուրյան միջանցք»-ի կնքահայր ներկայացնելը և «Խաղաղության խաչմերուկի» կտրուկ անվանափոխությունը խոսում են այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը կորցրել է իր երբեմնի հովանավորներին և հիմա փորձում է հեղինակության վերականգնում անել և նախագահ Թրամփի փառասիրության վրա խաղալով՝ վերադարձնել իր լեգիտիմության կորցրած տոկոսները: Երբ կարդում ես եռակողմ փաստաթուղթը, տեսնում ես, որ կողմերից առնվազն երկուսը ստացան շահեկան կետեր, իսկ Հայաստանը չստացավ ոչինչ, փոխարենը՝ ստացավ Նիկոլ Փաշինյանը: Ալիևը հերթական փաստաթղթի վրա ֆիքսված ստացավ այն, ինչ իրեն պետք էր, Թրամփը ստացավ իր անունը կրող ուղի, Նիկոլ Փաշինյանը ստացավ թուղթ, որով խնդրելու է քաղաքացիների քվեն»,- ասաց նա:

Նա շեշտեց՝ ընդդիմությունը պատերազմ չի ուզում, այլ՝ հարատև խաղաղություն, և ուզում է լինել ուժեղի դիրքերից, որ այդ խաղաղությունն ապահովված լինի. «Ե՛վ վաշինգտոնյան փաստաթուղթը, և՛ նախաստորագրված խաղաղության պայմանագիրը որևէ կերպ չեն արտահայտում արժանապատվություն և արդարություն: Արդարություն այստեղ գոյություն չունի»:

Կարապետյանը չի բացառում, որ հատկապես ընդդիմադիրների նկատմամբ բռնաճնշումների ֆոնին Փաշինյանը կարող է այս թղթերը ձեռքին գնալ արտահերթ ընտրությունների. «Բայց ստորագրված փաստաթղթերում հերիք չէ՝ ներկայացված չէ հայկական շահը, հերիք չէ՝ հայկական պետությունն ամենախոցելի վիճակում է հայտնվել, որում չի եղել շատ երկար ժամանակ, դեռ մի բան էլ որևէ հայկական նախապայման չկա»:

Կարդացեք նաև

Նա վստահեցրեց՝ մինչև ընտրությունները Նիկոլ Փաշինյանն ամեն ջանք գործադրելու է սրբազաններին, Սամվել Կարապետյանին և այն բոլոր մարդկանց, ովքեր կարող են դեմ կանգնել «այս դավաճանական ճանապարհին», ռեպրեսիաների ենթարկելու: «Ցավոք, ես նաև կանխատեսում եմ, որ կլինեն այլ ձերբակալություններ ևս, որովհետև ինչպես տեսնում եք, խաղի մեջ են բավականին մեծ ուժեր, և խաղասեղանին դրված է մի հարց, որ Նիկոլ Փաշինյանն Ալիևի ասած տնային առաջադրանքը դեռ պետք է կատարի և հասցնի ավարտին: Ցավոք, ավարտին է հասցվելու ոչ միայն հանձնարարություն, այլև Հայաստանի Երրորդ Հանրապետության գոյությունը: Եկեղեցու դեմ որևէ քայլերի թուլացում չի լինելու, Փաշինյանն այդ հանձնարարությունը դեռ չի կատարել և պետք է կատարի: Ես վստահ եմ, որ ամենաուշը սեպտեմբերից նոր թափ, նոր բառապաշար, նոր գործիքակազմ, նոր կոչեր կլինեն… Այն, ինչ այսօր անում են իշխանությունները, ոչ թե Հայաստանը դարձնում է ինքնիշխան, ոչ թե պոկում ՌԴ ստրկությունից և գերությունից, ինչպես ասում են, այլ Հայաստանին բացահայտ սարքում են ստրուկ, այն էլ ում ստրուկը՝ դարավոր թշնամի թուրքերի ստրուկը: Սա սարսափելի է ուղղակի»:

Նա հարց ուղղեց այն մարդկանց, ովքեր ասում են, թե Փաշինյանը խաղաղություն է բերում. «Եթե նա հայերի Արցախ վերադարձի խաղաղ ճանապարհը փակում է, խաղաղություն ո՞նց է լինելու. կա՛մ մենք հուր-հավիտյան համակերպվելու ենք, որ Արցախն Ադրբեջան է, և վերջ, կա՛մ պատերազմի մեջ ենք մտնելու: Իսկ եթե մենք համակերպվում ենք, որ Արցախը Ադրբեջան է, և վերջ, ապա հաջորդ քայլը լինելու է՝ Սյունիքը Ադրբեջան է, և վերջ, ու հասնելու ենք Կոնդի թաղամաս: Մենք կանգնելու ենք աղետի առջև՝ հերիք չէ, մենք սերունդների ենք կանգնեցնում աղետների առջև, մենք մեր երեխաներին ժառանգում ենք մի պետություն, որը թուլացած է, ծնկած է, և թղթով, ստորագրությամբ, վաղը-մյուս օրը, երևի նաև ԱԺ վավերացմամբ, նրանց չի տալու հնարավորություն ծնկած վիճակից բարձրանալ և մեջքն ուղղել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս