Տարոն Մարգարյանը եզրափակիչ քեֆի էր հրավիրել ողջ իշխանական էլիտային. մամուլ
«Երեկ հետկեսօրին ՀՀԿ գրասենյակի մոտ ասեղ գցելու տեղ չկար: Կրկին «գոլդ» համարներով մեքենաների «հավաք» էր: Միայն Գևորիկը չկար»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և հավելում.
«Պարզվեց` վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀԿ քաղխորհրդին է ներկայացնում կառավարության ծրագիրը, որը երկուշաբթի մտնելու է ԱԺ: ՀՀԿ-ում անշլագ էր. մարզպետները, գերազանցիկների պես, շատ վաղ էին եկել ու ՀՀԿ-ական իրենց երևանաբնակ ընկերների հետ մի տասը «կռուգ» պտտվեցին գրասենյակի ու կառավարության շենքի շուրջ` մինչև ժամը լրանա:
Ամենաուշը եկավ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը ու խիստ գործնական մտավ նիստերի դահլիճ: Ոտքի վրա էր Արմեն Աշոտյանը, որն «Ազատություն» ռ/կ-ի համար նկարվելուն զուգահեռ տանտիրոջ նման դիմավորում էր եկողներին, այդ թվում և կառավարության նոր ու հին անդամներին, ճանապարհում նիստերի դահլիճ:
Ծրագրի քննարկումից անմիջապես հետո` ժամը 7-ին, ՀՀԿ խորհուրդը, քննարկումից հոգնած, գլուխներն ուռած, ուղիղ գնաց Սամվել Լիմինդրովիչի «Փարվանա» ռեստորան, որտեղ հնչելու էր Երևանի ընտրությունների վերջին ակորդը. Տարոն Մարգարյանը եզրափակիչ քեֆի էր հրավիրել ողջ իշխանական էլիտային` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
Այսօր ՀՀԿ-ն ստիպված պիտի լինի շատ արագ «պախմելից» դուրս գալ, որովհետև երեկոյան գործադիր մարմնի նիստն է, որտեղ պետք է հաստատվի կառավարության ծրագիրը, քննարկվեն ՀՀԿ-ականների առաջարկությունները՚»: