Հրանտ Դինքին սպանել է կազմակերպված հանցավոր խումբը. Թուրքիայի Վճռաբեկ դատարան
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի Վճռաբեկ դատարանը կայացրել է Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով իր վճիռը:
Վճռաբեկ դատարանը վճռել է, որ Հրանտ Դինքի սպանությունն իրականացրել է կազմակերպված հանցավոր խումբը՝ դրանով իսկ բեկանելով նախկին վճիռը: Դա նշանակում է, որ կասկածյալները Ստամբուլում կվերադառնան դատարանի դահլիճ:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանը քվեարկել է Դինքին անձամբ սպանած Օգյուն Սամասթին առավելագույն պատիժ տալու օգտին: Խոսքը գնում է ցմահ ազատազրկելու մասին:
Վճռաբեկ դատարանը հաստատել է Յասին Հայալի պատիժը, ով Հրանտ Դինքի սպանությունը ծրագրելու համար ստացել էր ցմահ ազատազրկում: Այդպիսի վճիռ 2012 թվականի հունվարի 17-ին կայացրել էր Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանը:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում ազգայնական Օգյուն Սամասթի կողմից: 2011 թվականի հուլիսի 25-ին Ստամբուլի 2-րդ անչափահասների ծանր հանցագործությունները քննող դատարանը «ծրագրված սպանություն իրականացնելու համար» (21 տարի և 6 ամիս) և «ապօրինի ճանապարհով զենք կրելու համար» (1 տարի և 4 ամիս և 600 թուրքական լիրա տուգանք) Սամասթին դատապարտել էր 22 տարի և 10 ամիս ազատազրկման։
2012 թվականի հունվարի 17-ին էլ Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանը վճռեց, որ Դինքի սպանությունը «չի հանդիսացել» ահաբեկչական կազմակերպության գործողությունների արդյունք: Դատարանը Դինքի սպանությունը ծրագրելու համար Յասին Հայալին դատապարտեց ցմահ ազատազրկման, իսկ Էրհան Թունջելին արդարացրեց: Սակայն Թունջելը մեղավոր ճանաչվեց Տրապիզոնում McDonald’s-ի ռեստորանի պայթեցման մեջ և դատապարտվեց 10 տարի և 6 ամիս ազատազրկման: