««Զվարթնոց» օդանավակայանում ինձ ասացին, որ մուտքս հայրենիք արգելված է, պատճառը չնշեցին. իրավական գործընթաց եմ սկսելու». Կարեն Իգիթյան
Կովկասագետ Կարեն Իգիթյանը ֆեյսբուքյան իր էջով տեղեկացրել էր, որ ՀՀ գործող իշխանություններն արգելել են մուտք գործել Հայաստան։ Թե որն է փորձագետի մուտքի արգելքի պատճառը՝ այս պահին հայտնի չէ: ԱԱԾ-ից մեզ ասացին, որ սովորաբար նման դեպքերում պատճառների մասին տեղեկություն կարող է պահանջել այն անձը, ում մուտքն արգելված է, կամ նրա կողմից լիազորված անձը:
Թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում, փորձեցինք պարզել հենց Կարեն Իգիթյանից:
««Զվարթնոց» օդանավակայանում ինձ ասացին՝ սպասեք, ոնց որ իրենց մոտ ինչ-որ խնդիր էր ցույց տվել, իրենք էլ չէին հասկացել, որ դա հենց արգելք է, մտածում էին՝ ինչ-որ սխալ է: Հետո երկու ժամ անց ասացին՝ Ձեր մուտքն արգելափակված է, պատճառը չենք կարող ասել: Ասացի՝ ես պետք է աշխատանքի գնամ, ի՞նչ ասեմ համալսարանին, ասացին՝ թող համալսարանը գրավոր դիմի, մենք կպատասխանենք, որ մենք ենք արգելել մուտքը, բայց պատճառը չնշեցին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:
Կարեն Իգիթյանը նշեց, որ ծնվել է Հայաստանում, բայց փոքր հասակում տեղափոխվել է ՌԴ և այնտեղ ստացել ռուսական անձնագիր, բայց ՀՀ քաղաքացիությունից չի հրաժարվել.
«Երևանում գրանցված եմ, ունեմ սոցիալական քարտ: Ես Ռուսաստանում ապրել եմ 16 տարի, 2009թ.-ից Հայաստանում եմ ապրում: Հայաստանում որևէ խնդիր չեմ ունեցել, հենց սկսել եմ աշխատել՝ սոցքարտ եմ ստացել, Հայաստանում գրանցվել եմ, անձնագրում գրանցման մասին կնիք կա, կարող եմ նույնիսկ ՏԻՄ ընտրություններին քվեարկել»:
Նա նշեց, որ իրավական գործընթացով փորձելու է հասկանալ՝ ի՞նչն է պատճառը, բայց հաշվի առնելով մինչև այժմ եղած նմանատիպ դեպքերը, նա մեծ հույսեր չունի, որ մուտքի արգելքը կվերացնեն. «Բացի Մուրադ Փափազյանից, ում մուտքը արգելել են՝ չեն բացել»:
ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի դեպքում էլ նրա մուտքի արգելքն անձամբ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի միջամտությամբ է վերացվել: Իսկ, օրինակ՝ Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանի մուտքը հայրենիք շարունակում է արգելված մնալ:
Ամեն դեպքում, 168.am-ը, ինչպես նախորդ դեպքերում, այնպես էլ Կարեն Իգիթյանի պարագայում հետևողական է լինելու մուտքի արգելքի պատճառների և իրավական գործընթացի լուսաբանման առումով:



