«Մակրոնի հետ ընթրիքի ժամանակ բացահայտվել է, որ Նիկոլն է այդ ամենի հետևում». Նժդեհ Գարագավորյան

Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանի մուտքը հայրենիք շարունակում է արգելված մնալ:

«ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի դեպքը միակն էր, որ մուտքի արգելքը վերացվեց, և այդ փաստը առաջ է բերում մի իրականություն՝ ամեն բան որոշվում է Նիկոլ Փաշինյանի գրասենյակում: Մուրադ Փափազյանի Հայաստան վերադարձի միակ պատճառը նախագահ Մակրոնի հստակ միջամտությունն է եղել. Այստեղ (Ֆրանսիայում) մի ընթրիքի ժամանակ պարզ բացահայտվել է, որ Նիկոլն է այս ամենի հետևում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ իր հայցը դատարանը վարույթ է ընդունել, դատը կայանալու է 2025թ. հունվարի 25-ին՝ առանց նրա մասնակցության:

«Հայաստանի այսօրվա իշխանությունները կապ չունեն ժողովրդավարության հետ: Մեր նվիրումը Հայաստանին և Արցախին պայմանավորված չէ օրվա իշխանությունների էությամբ: Մենք անվերջ շարունակում ենք մեր պայքարը: Վերջերս մեր ղեկավարած խմբի անդամները Հայաստանում արցախցի երիտասարդների համար բանակում էին կազմակերպել, որի հիմնական նպատակն Արցախի ՀՅԴ երիտասարդական միության անունը ողջ պահելն է: Այսօր Ալեն Սիմոնյանը փորձում է ամեն կերպ լուծարել Արցախի ԱԺ, Արցախի Հանրապետություն տերմինները, մենք գոնե մեր մակարդակով փորձում ենք Արցախի քույր միությունները ողջ պահել: Այդ բոլորը մի օր վերակենդանացման հույս է դառնալու»,- ընդգծեց նա:

Նա նշեց, որ Ֆրանսիայում ՀՅԴ ակտիվության պատճառով Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը մի քանի անգամ կանչվել է Ալիևի մոտ. «Իսկ Զարեհ Սինանյանն ասում է, թե իբր մեր ակցիաները միայն ընդդեմ Հայաստանի իշխանությունների են: Այդպիսի բան ասելը ամոթ է, և ինքն իրեն ավելի շատ ապուշի տեղ է դնում, քան գիտակ և հասուն քաղաքական գործչի: Այսօր պարզ է, որ Սփյուռքի գրասենյակը ձախողել է, մենք իրենց դեմ ենք և չենք կիսում իրենց հեռանկարը:

Կարդացեք նաև

Ընդհանրապես, ո՞նց կարելի է հեռանկար կիսել մարդկանց հետ, ովքեր ասում են՝ Արցախը չկա և չի լինելու, ո՞նց կարելի է խոսել մարդկանց հետ, որոնք ասում են, որ Հայաստանը սահմանափակվում է միայն պետությամբ, և Հայաստանի մեջ հերոս է միայն հարկատուն: Այո, գուցե մենք շատ տեղերում բացակա ենք եղել, գուցե թերացել ենք, բայց ասել, որ միակ հայը հարկատու հայն է, որպեսզի Ալեն Սիմոնյանի նոր BMW-ն ֆինանսավորեն կամ սրան-նրան ֆինանսավորեն: Նրանք մեզ կրկին դնում են դրսում ապրողի տեղ, որը միայն փող է ուղարկում և բան չի հասկանում: Մենք ամեն ինչին մոտեցում ունենք: Այս հայտարարությունները փաստ են, որ Զարեհ Սինանյանը չի տիրապետում իրավիճակին, ծիծաղելի է, երբ մարդ խոսի Սփյուռքի մասին և փորձի ամեն կերպ չխոսել ՀՅԴ քաղաքական և կազմակերպական ընտանիքի անդամների մասին»:

Նա նկատեց, որ Ֆրանսիայում տեղի ունեցած ընտրություններից հետո հայկական համայնքն ակտիվ աշխատում է այն ուղղությամբ, թե ով է լինելու Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի ղեկավար, մինչդեռ Հայաստանում Ալեն Սիմոնյանը հայտարարում է, թե պետք է լուծարել ՀՀ-Արցախ հանձնաժողովը. «Եթե նա ուզում է լուծարել այդ ֆորմատը, մենք ինչպե՞ս կարող ենք դրսում ստիպել, որ իրենք Արցախով ավելի շատ զբաղվեն, քան Հայաստանը: Մեր փրկությունը մեր ներքին խրամատում է, իրավիճակի փոփոխությունը պետք է սկսվի ամենից առաջ այս իշխանությունների հեռացմամբ: Ֆրանսիան կարող է մեզ օգնել, բայց երբեք մեր տարածաշրջանում չի դառնալու երրորդ ուժ: Մշտապես, թեկուզ այսօր Իրանն ավելի պարզ է ասում իր կարծիքը, բայց Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի կողքին խաղացողը մնում է ՌԴ-ն: Որքան մենք սխալ գնանք այդ հարաբերություններում, ադրբեջանցիներն օգտագործելու են դա, և մենք զրկվելու ենք մեր իրավունքներից»:

Նա նշեց, որ Ֆրանսիայում հակաադրբեջանական և պրոհայկական էմոցիաները փորձում են տարանջատել. «Այսօր Ֆրանսիայում բնազդաբար քաղաքական դաշտը հակաադրբեջանական է. դա հետևանքն է այն իրողության, որ Ադրբեջանը շատ հստակ միջամտել է Նոր Կալեդոնիայի խռովություններին, որը Ֆրանսիայից բավականին հեռու գտնվող կղզի է, որտեղ կան անկախության համար մղվող ցույցեր, բայց այդ կղզին պատկանում է Ֆրանսիային: Ամեն անգամ, երբ այնտեղ եղել են ընտրություններ, Ֆրանսիայի մաս մնալու քվեն եղել է գերակշիռ: Այսօր Ադրբեջանը շատ հստակ այդ և այլ կղզիներում փորձում է Ֆրանսիայում ստեղծել արտակարգ իրավիճակ, գոնե այդ կղզիներում փորձում է պատերազմական իրավիճակ ստեղծել: Ադրբեջան-Ֆրանսիա հարաբերությունների վատթարացումն այլևս չունի միայն պրոհայկական պատճառ, մենք դրանում հաջողել ենք: Բայց դա չի նշանակում, որ Ֆրանսիան կարող է մեր հարցերում ներգրավվել և մեզ տալ էական գերակայություն՝ գալիք քաղաքական կամ ռազմաքաղաքական մարտերում:

Վերջերս տեսանք, թե ինչպես Իտալիայում ընդունեցին Ալիևին. նրանց համար գերակայում է իրենց անձնական շահը: Այդպես է լինելու Ֆրանսիայի պարագայում: Պետք է Հայաստանի էական դաշնակիցը մնա Ռուսաստանի Դաշնությունը: Այսօր Հայաստանի ԱԳ նախարարը մարդ է, որ ժամանակին բռնում էր F*ck Putin բաներներ, եթե այդ մարդը պետք է գնա ՌԴ և փորձի մեր շահերը պաշտպանել, պարզ է, չէ՞, որ մեզ նույն բանն են ասելու, որ մենք ասել ենք իրենց տարիներ առաջ: Ամեն բան գցում են ռուսների գրպանը»:

Անդրադառնալով Ֆրանսիայից ձեռք բերվող ռազմամթերքին, նա նկատեց. «Նախ՝ դրանք նվերներ չեն, և հետո, եթե Ուկրաինային ուղարկված զենքերի 10 տոկոսը Ֆրանսիան Հայաստանին ուղարկեր, մի քանի տարի հետո Արցախի խնդիրը կկարողանայինք լուծել: Վերջերս Չեխիայից Ադրբեջանը ստացել է մեծ քանակներով լուրջ զինատեսակներ, իսկ Հայաստանում խոսում են Եվրոպայից զենք ստանալու մասին: Դա ծիծաղելի է, նաև ցավալի, որ մենք երազում ենք, թե ֆրանսիացիները կարող են մեզ փրկել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս