
Մարդուն կալանավորես, որ նրա բիզնեսը խլես, չգիտեմ` ինչ անուն տալ. Արամ Վարդևանյան
Սամվել Կարապետյանի խափանման միջոցը կալանքն է, որովհետև քննիչի ու դատարանի գնահատմամբ նա կարող է խոչընդոտել գործի քննությանը։ Լրագրողների հետ զրույցում ասաց գործարարի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։ Նա ընդգծեց՝ քրեական գործի հիմքում դրված է ընդամենը տեսանյութ։
«Միակ քննչական գործողությունը, որ կատարում ես, այն է, որ ներբեռնում ես, զննում ես, դարձնում ես քրեական գործի անբաժանելի մաս, կարող ես մի հատ էլ կրիչի վրա տեղադրել ու դնես չհրկիզվող պահարանում։ Բայց քննիչն ու դատարանը գտնում էին, որ չհրկիզվող պահարանում գտնվող տեսանյութին կարելի է խոչընդոտել։ Նույնիսկ խելագարության կանխավարկածով դիտարկելու դեպքում սա անհնար է»,– ասաց Վարդևանյանը։
Փաստաբանը նաև հիշեցրեց վարչապետ Փաշինյանի՝ «բիզնեսները խլելու ենք, վերադարձնենք», «մուրճը խփելու ենք գլխներին» արտահայտությունները, որոնք սահմանադրական կարգի հետ որևէ առնչություն չունեն։ Վարդևանյանը ներկայացրեց այս հարցով Գլխավոր դատախազության դիրքորոշումը։
«2021 թվականին դատախազությունը ներկայացրեց դիրքորոշում, ըստ որի՝ սուր բառամթերքն ընդունելի չէ, բայց թույլատրելի է»,– ասաց Վարդևանյանը։