
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատում են՝ ձերբակալվել են Պտղնիի համայնքապետը, նրա որդին ու այլ անձինք

«Հետքի» տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում այսօր՝ հունիսի 5-ին, ձերբակալվել են Կոտայքի մարզի Պտղնի համայնքի նախկին ղեկավար Առաքել Վիրաբյանը, նրա որդին ու մի շարք այլ անձինք:
Համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է կոռուպցիոն հանցանքների կատարման, այդ թվում՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակության ու փողերի լվացման մեջ:
168.am-ի հարցին ի պատասխան՝ Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկությունը հաստատեցին:
«Հայտնում ենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Կոտայքի մարզի Պտղնի համայնքի նախկին ղեկավարն ու ևս 3 անձինք: Նախկին պաշտոնատար անձը մեղադրվում է խարդախության և վատնման եղանակներով առանձնապես խոշոր չափերով հափշտակության, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ:
Ձերբակալված մյուս անձինք մեղադրվում են համայնքի նախկին ղեկավարի կողմից վերը նշված առերևույթ հանցանքների կատարմանն օժանդակելու և փողերի լվացման մեջ: Քրեական վարույթն առնչվում է Պտղնի համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային 23 միավոր հողերի հափշտակությանն ու փողերի լվացմանը»,- ասացին Հակակոռուպցիոն կոմիտեից:
Հիշեցնենք, որ Առաքել Վիրաբյանը Պտղնի համայնքը ղեկավարել է՝ սկսած 1996թ.-ից, շուրջ 25 տարի:
Մեր տեղեկություններով՝ Առաքել Վիրաբյանի վերաբերյալ բազմադրվագ քրեական վարույթը քննվում է 2021թ.-ից: Խոսքը 23 միավոր հողի մասին է: