
Թուրքիայում գործարկվել է 1-ին երաժշտային ճանապարհը

Թուրքիայում առաջին անգամ գործարկվել է ճանապարհ, որն ուղեկցվում է երաժշտությամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նորույթն իրականացվել է մայրաքաղաք Անկարայի Նալլըհան շրջանում, որտեղ ճանապարհով ընթացող վարորդները կայուն արագությամբ շարժվելիս կարող են լսել Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի հայտնի «Սոնատ դաշնամուրի համար» ստեղծագործությունը, որի 2-րդ մասն առավել հայտնի է «Թուրքական մարշ» անունով։ Սակայն պետք է նշել, որ կոմպոզիտորը երբեք այդպես չի անվանել իր այդ ստեղծագործությունը։
Ծրագիրը նախաձեռնել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը։
Նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի խոսքով՝ նորամուծությունը հիմնված է ճանապարհի մակերեսին հատուկ ընդմիջումներով տեղադրված նշագծերի վրա, որոնք մեքենայի անցնելիս ձայնային ալիքներ են առաջացնում:
Նման ծրագրերը, միջազգային փորձից ելնելով, իրականացվում են բնակավայրերից հեռու։ Լավագույն արդյունքի հասնելու համար նախագծերն իրականացվում են ուղիղ, հարթ մակերեսով ցածր երթևեկությամբ ճանապարհների վրա, որտեղ մեքենաները կարող են պահպանել մոտ 100 կմ/ժ արագություն։