Հարավային Կովկասի ճակատագիրն այսօր վճռվում է Ադրբեջանում. Սաակաշվիլի
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Բաքվում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հարավկովկասյան տարածաշրջանի ճակատագիրն այսօր վճռվում է Ադրբեջանում.
«Առանց չափազանցության, մեր տարածաշրջանի հետագա ճակատագիրը վճռվում է այստեղ՝ Բաքվում, Ադրբեջանում: Դա ոչ միայն Ադրբեջանի, այլև՝ Վրաստանի, Ուկրաինայի ու Մոլդովայի և ընդհանրապես հետխորհրդային երկրների անկախությունն է:
Եվրոպայի անվտանգության ճակատագիրը և աշխարհում ազատությունը ներկայումս որոշվում է այս տարածաշրջանում և մասնավորապես Ադրբեջանում: Կան ուժեր, որոնք շահագրգռված են Ադրբեջանում իրավիճակի ապակայունացմամբ: Դա ակնհայտ է, և հնարանք չէ:
Մենք դա մեզ վրա զգացել ենք Վրաստանում: Այդ ուժերը բոլոր ջանքերը գործադրելու են, որպեսզի կանգնեցնեն Ադրբեջանի զարգացումը, ինչը չի թողնում հանգիստ քնել նրանց, ովքեր իրենց չեն պատկերացնում առանց կայսերական հավակնությունների:
Իր ներկայիս անկախ արտաքին քաղաքականությամբ Ադրբեջանը, իհարկե, կատարելապես նոր իրողություն է տվյալ տիրույթի համար: Ադրբեջանն օրինակ է ցույց տվել, ինչի համար էլ մենք բոլորս պետք է պահպանենք այն»: