2012 թ. Բելգիայում գրանցվել է ռեստորանների, սրճարանների և հյուրանոցների սնանկացման ռեկորդային ցուցանիշ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2012 թվականին Բելգիայում գրանցվել է ռեստորանների, սրճարանների և հյուրանոցների սնանկացման ռեկորդային մակարդակ, ինչի պատճառը ֆինանսա-տնտեսական ճգնաժամն է:
Նախորդ տարի Բելգիայում ընդհանուր առմամբ իրեն սնանկ է հայտարարել 1945 ռեստորան, սրճարան և հյուրանոց: Բելգիայի միջին խավի գործերով նախարար Սաբին Լարուելը հայտնել է, որ վերջին 5 տարիներին սպասարկման ոլորտի սնանկացած ձեռնարկությունների քանակն աճել է 28 տոկոսով:
Նա հավելել է, որ 2012 թվականին Բելգիայում սնանկ է ճանաչվել 1141 ռեստորան, 804 սրճարան ու հյուրանոց: