Դեպի լճացող Հայաստան

Այսօր հրապարակվելու է նոր կառավարության կազմը: «Նոր» արտահայտությունը շատ չափազանցված և չափազանց ճոխացված է, քանի որ իրականում կառավարության կազմում տեղի է ունենալու ընդամենը 3-4 նախարարի փոփոխություն, թվային արտահայտությամբ՝ կառավարության կազմի 20 տոկոսից պակաս հատվածը: Այսինքն՝ կառավարության քաղաքականությունը, այն իրականացնողների մտածողությունը, արժեքային համակարգը, ինչպես և պետք էր սպասել, մնալու է նույնը:

Ինչո՞ւ, այնուամենայնիվ, նախագահության երկրորդ ժամկետը սկսող Սերժ Սարգսյանը որևէ բովանդակային փոփոխություն չի իրականացնում կառավարության կազմում և ընդհանրապես: Որովհետև Հայաստանը թևակոխում է մի փուլ, որը կարելի է անվանել լճացման ժամանակաշրջան: Ինչպես այսօրվա պաշտոնյաներին շատ ծանոթ, գուցե հարազատ բրեժնևյան ժամանակաշրջանը: Անցած նախագահական ընտրություններից ու գրեթե անցած Երևանի ավագանու ընտրություններից հետո քաղաքական դաշտը հերթական անգամ ամայացավ, իշխանությունը մնաց առանց լուրջ հակակշռի՝ այդ գործառույթի ցուցադրական մասը վերապահելով իրականում իր մասը համարվող «Բարգավաճ Հայաստանին»:

Իսկ լճացման ժամանակաշրջանում, առաջին հերթին, լճանում են մարդիկ` բառի ուղղակի և փոխաբերական իմաստով, լճանում է մարդկանց մտածողությունը (առկայության դեպքում), լճանում է կյանքն ընդհանրապես: Այդ դեպքում որևէ տարբերություն չկա` այսինչ նախարարի ազգանունը Պողոսյա՞ն է, թե՞ Պետրոսյան: Նրանք բոլորն էլ` անկախ անուններից ու ազգանուններից, անկախ կրթական մակարդակից ու դեմքի արտահայտությունից, միևնույն համակարգի մասն են, որի գոյության միակ իմաստն ինքնին գոյությունն է, ինչը քաղաքական տերմինաբանությամբ անվանում ենք իշխանության պահպանում և վերարտադրություն:

Երկու օր է` իշխանական վերնախավի ներկայացուցիչները տոնում են հերթական հաղթանակը Երևանի ավագանու ընտրություններում: Նրանցից ոմանց թվում է, թե ՀՀԿ-ն հաղթել է ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին կամ «Ժառանգությանը»: Իրականում, սակայն, իշխանությունը հերթական հաղթանակն է տարել հասարակության, քաղաքացիների նկատմամբ` նրա մի մասին կաշառելով ու այդպիսով նվաստացնելով, մյուս հատվածին` սպառնալով ու ահաբեկելով, ավելի մեծ մասին՝ անտարբեր դարձնելով իշխանության, քաղաքական ուժերի ու թաղի խուժանի մասնակցությամբ անցկացվող միջոցառմանը, որն անվանում են ընտրություններ:

Իսկ հաղթանակված հասարակության պատասխանն իշխանությանը` արտահայտվում է այն մակագրությամբ, որն ընտրողներից մեկը` խաչ քաշելով ընտրություններին մասնակցող բոլոր 7 ուժերի անունների վրա, թողել էր քվեաթերթիկին՝ «Արտագաղթ»:

Տեսանյութեր

Լրահոս