
«Աննա Հակոբյանն ասում էր՝ «հանուն ոչննչի են զոհվել», նրա կողքին կանգնած ծնողները չե՞ն գիտակցում, թե՞ լավ է նրա փեշի տակ». Արուս Հարությունյան

Բլոգեր Արամ Գևորգյանը օրերս ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Աննա Հակոբյանը «Եռաբլուրում» սկանդալ է սարքել։
«Գիշերը 12-ից հետո ախռանայով գնացել ա Եռաբլուր՝ իր օգնականի որդու ծնունդին։ Հա, տենց զոհվածի ծնող էլ կա, ով աննայի մոտ օգնական ա աշխատում։ Բայց դա լրիվ այլ թեմայա։
Սրան տեսնում են Գևորգյան Էրիկի ու Խաչատրյան Վահագնի ծնողները, ովքեր այդ ուշ ժամին Եռաբլուրում են լինում։ Տեսնում են ու աշխարհի տակի եղածն ասում սրա երեսին։ Հատկապես Վահագնի մայրը, ում որդու շիրմի հենց դրա օգնականի որդու շիրիմի հաջորդ շարքում է, կես ժամ անդադար աշխարհի տակի եղածն ասում ա սրան։
Սա էլ աներեսի պես 40-50 րոպե նստում ու լսում ա այդ ամենը։ Ու վերջում, երբ սա գնալուց ա լինում, Էրիկի մայրն սրա հետևից գոռում ա՝ «անգերեզման ես մնալու»։ Սա դրանից նեղվում, հեռսոտում, գալիս, հարձակվում այդ ծնողի վրա, մատ թափ տալիս, թե բա՝ «դուք ձեր հալը հըլը կտեսնեք, էս ի՞նչ անեծքներ եք տալիս»։ Վահագնի հորն էլ առանձին ա զգուշացնում, որ ինքն ու կինը «դեռ կտենան իրանց հալը»….»,- գրել էր նա։
Այս լուրից հետո, հաջորդ օրը լրատվամիջոցները զրուցել էին նահատակված Վահագն Խաչատրյանի մայրիկի՝ Ալինա Գրիգորյանի հետ, նա էլ ներկայացրել էր այն, ինչի մասին արդեն գրել էր Արամ Գևորգյանը։
Լրատվամիջոցի հետ Ալինա Գրիգորյանի զրույցը՝ Աննա Հակոբյանը, կիսվել էր ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով. «Չէի պատկերացնի, որ այս կինը կարող է այսքան գրագետ և քաղցրալեզու խոսել։ Հիմա արդեն կասկածում եմ՝ արդյո՞ք նույն մարդուն եմ հանդիպել Եռաբլուրում։
Ինչ վերաբերում է հնչող մեկնաբանություններին, չեմ բացառում, որ դրանք նրա սիրտը թեթևացնում են, ավելին՝ հուսով եմ, որ թեթևացնում են։
Եվ այնուամենայնիվ՝ դրանք ընդամենը չիմացության և անբարո քարոզչության հետևանք են»։
«Որդիների Կանչ» ՀԿ նախագահ Արուս Հարությունյանը՝ հակադարձելով Աննա Հակոբյանին՝ ասաց՝ չտեղեկացվածներն իր կողքին կանգնածներն են, ոչ թե զոհված տղաների ծնողները։
«Ով գիտի իր հայրենիքի, իր ընտանիքի անդամի հետ կատարվածը, նույն ձևով կվարվեր Աննա Հակոբյանի հետ, ինչ արել է Ալինա Գրիգորյանը։ Ապրի Ալինան և Էրիկի ծնողները, իրենք մեր բոլորի անունից են այդ ամենն արել։
Ի դժբախություն մեզ, Եռաբլուրը մեզ հավասարեցրել է այն մարդկանց հետ, որոնք այսօր կանգնած են Աննա Հակոբյանի կողքին։ Եթե Աննա Հակոբյանն իրենց հյուրն էր, Ալինան ճիշտ է ասում՝ թող տանեին իրենց տուն, ոչ թե Եռաբլուր։ Մի՞թե այդ ծնողները չեն գիտակցում, որ Աննա Հակոբյանն ու իր ամուսինը գիտակցաբար սպանել են մեր տղաներին, եթե չեն գիտակցում՝ խղճում եմ իրենց։ Նիկոլն էլ ինչպես ասի, նա ԱԺ-ում հստակ հայտարարեց .«Ունենալու էինք նույն ելքը, իհարկե, առանց զոհերի»»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արուս Հարությունյանը։
Նա ցավով նշեց, որ այսօր Աննա Հակոբյանը և իր ամուսինը՝ Նիկոլ Փաշինյանն ինչ ուզում՝ անում են հայ ժողովրդի գլխին, ժողովուրդն էլ լուռ է։
«Իսկապես ես չգիտեմ, թե այս ամենն ինչքան կտևի։ Ես այս 5 տարվա պայքարի ընթացքում խորը հիասթափություն եմ ապրել իմ ժողովրդից, ափսոսում եմ այն կորստի համար, որ մեր ընտանիքները տարել են այս ժողովրդի համար։ Միակ կետն այն է, որ մնար մեր հայրենիքը, չպառակտվեր ու չմասնատվեր՝ դա էլ չեղավ։
Աննա Հակոբյանն ասում էր՝ հանուն ոչինչի են զոհվել, նրա կողքին կանգնած ծնողները չե՞ն գիտակցում, թե՞ իրենց համար լավ է Աննա Հակոբյանի փեշի տակ»,-ընդգծեց Արուս Հարությունյանը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 14-ին ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ «կարող էին կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի»։