
Թուրքիայի ԶՈՒ գեներալ Յաշար Քադըօղլուն այցելել է Իսլամաբադ. Պակիստանի հետախուզական ծառայության ղեկավարը նոր լիազորություններ է ստացել

Ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով պակիստանյան աղբյուրներին, հաղորդում են, որ Պակիստանի հետախուզական ծառայության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ասիմ Մալիկը երկրի կառավարությունում նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդական, ինչը պատմության մեջ առաջին դեպքն է: Այն պայմանավորված է վերջին շրջանում Հնդկաստան-Պակիստան լարված հարաբերություններով, որը ռազմական դրսևորումներ է ունենում:
Պակիստանի կառավարությունում Ազգային անվտանգության խորհրդականը զբաղվում է երկրի ազգային անվտանգության հարցերի, արտաքին քաղաքականության «կուրացիայով», ինչպես նաև՝ ռազմավարական խնդիրների կարգավորմամբ:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, գեներալ Ասիմ Մալիկը, երկրի վարչապետի աշխատակազմում կամ քարտուղարությունում ղեկավարելով Ազգային անվտանգության բաժինը, շարունակելու է ղեկավարել նաև Պակիստանի հետախուզական ծառայությունը:
Հավելենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվել, որ թուրք բարձրաստիճան զինվորականները՝ Թուրքիայի ԶՈւ ԳՇ հետախուզության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Յաշար Քադըօղլուի գլխավորությամբ, այցելել են Պակիստանի ռազմաօդային ուժերի շտաբ՝ Հնդկաստան-Պակիստան լարվածության ֆոնին:
168.am-ը գրել է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմին Պակիստանն առաջին հերթին մասնակցել է թուրք-պակիստանյան հատուկ հարաբերություններով պայմանավորված, և արդեն պատերազմից հետո են, ըստ էության, Ադրբեջան-Պակիստան հարաբերությունները ռազմավարական նշանակություն ստացել: