
Մեկ տարի առանց Դավիթ Մարտիրոսյանի. ֆուտբոլի նվիրյալին վերհիշել են հայկական ակումբները

Մեկ տարի առաջ հայաստանյան մարզական լրագրողական դաշտը մեծ կորուստ ունեցավ. կյանքից անժամանակ հեռացավ մարզական լրագրող, ֆուտբոլի նվիրյալ Դավիթ Մարտիրոսյանը:
Այսօր` ապրիլի 29-ին, հայկական ակումբները, որտեղ աշխատել է Դավիթ Մարտիրոսյանը, վերհիշել են Դավիթ Մարտիրոսյանին՝ շեշտելով նրա կատարած աշխատանքը ու թողած հետքը։
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը գրել է. «Արդեն մեկ տարի առանց մեր սիրելի Դավիթի… Դավիթը մեզ հետ է իր կատարած գործով, իր բարի խոսքով ու իր օրինակով։ Նա մեր ֆուտբոլային ընտանիքում թողեց իր հետքը, որը ժամանակը ջնջել չի կարող։
«Փյունիկ» ՖԱ-ի սիրելի Դավի՛թ, մեր հիշողություններում ու սրտերում կլինես միշտ»:
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նույնպես վերհիշել է Մարտիրոսյանին. «Մեկ տարի առաջ մենք կորցրեցինք մեր ընկերոջը, գործընկերոջը և մեր ակումբի երկարամյա աշխատակցին՝ Դավիթ Մարտիրոսյանին։
Դժվար է բառերով փոխանցել, թե որքան նկատելի է նրա տեղը հայկական ֆուտբոլում։Մենք վստահ ենք, որ նրա հետ ոչ միայն հայկական ֆուտբոլը կլիներ ավելի լավը, այլև բոլոր նրանց կյանքը, որոնք ճանաչում էին Դավիթին։
Աստված հոգիդ լույսերի մեջ պահի, Դավիթ ջան»:
Դավիթ Մարտիրոսյանը մարզական լրագրող Աշոտ Մարտիրոսյանի որդին է, մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանի թոռը: