
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողություններին

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի հրապարակում ապրիլի 26-ին տեղի է ունեցել Կաթոլիկ Եկեղեցու Սրբազան Քահանայապետ երջանկահիշատակ Ֆրանցիսկոս Պապի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողությունը, որին ներկա է գտնվել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Հուղարկավորության արարողությանը մատուցվել է Սուրբ Պատարագ, որի ընթացքում տարբեր Եկեղեցիների պետեր և ներկայացուցիչներ առիթ են ունեցել իրենց աղոթքը բարձրացնելու ի Տեր ննջած Ֆրանցիսկոս Պապի հոգու խաղաղության համար։
Նախորդ օրը Սուրբ Պետրոսի տաճարում Ամենայն Հայոց Հայրապետը մասնավոր աղոթք էր բարձրացրել Ֆրանցիսկոս Պապի հոգու հանգստության համար։
Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղեկցող պատվիրակության կազմում են Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։