Հովհաննես Սահակյանի պատասխանը՝ Նաիրա Զոհրաբյանին. Ռետրո ոճը հատուկ է ռետրո գործիչներին
Անդրադառնալով ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար, ԲՀԿ քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանի այն կարծիքին, որ ՀՀԿ-ական երիտասարդները գործում են ռետրո ոճով, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը ասել է. «Ես շատ լուրջ էի վերաբերում տիկին Զոհրաբյանի տեսակետներին, երբեք չէի կասկածում իր անկեղծության և գնահատականների օբյեկտիվության վրա: Այդ ամենը ի չիք դարձավ, երբ անցյալ տարի խորհրդարանական ընտրություններին նա ակնհայտորեն չցանկացավ տարբերակել հեռախոսը ատրճանակից:
Տիկին Զոհրաբյանը քարոզարշավի ողջ ընթացքում աչքի է ընկել իրականությունից հեռու գնահատականներով: Հիշելով իր՝ լրագրողական տարիները և օգտագործելով ՀԺ-ում ժամանակին ձեռք բերված հմտությունները, ԲՀԿ քարոզչության պատասխանատուն կրկին լծվել էր հոդվածներ մոգոնելու գործին՝ այս անգամ ստեղծագործելով գոյություն ունեցող և չունեցող մարդկանց անուններով: 90-ների գործոլաոճի մասին նա լավ կիմանա, եթե որևէ բան մոռացած էլ լինի՝ ՀԱԿ-ի Լևոն Զուրաբյանը և Նիկոլ Փաշինյանը կհուշեն: Ռետրո ոճը հատուկ է ռետրո գործիչներին:
Սեփական կուսակցության փորձով փողը որպես բացառիկ ու միակ քաղաքական տեխնոլոգիա պատկերացնող բհկական պատգամավորի դատողությունները ընտրությունների և կրեատիվության մասին, հարիր են միջինասիական քաղաքական մշակույթին»:



