Բաժիններ՝

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում կենտրոնացրել է ինը մարտանավ և մեկ հրթիռային սուզանավ

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են հզոր խմբավորում, որը բաղկացած է երկու ավիակրային հարվածային խմբից և Tomahawk թևավոր հրթիռներ կրող Ohio դասի միջուկային սուզանավից: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ ռազմածովային ինստիտուտի տվյալները:

ԱՄՆ ռազմածովային ուժերի «Հարի Թրուման» ավիակրային խմբի կազմի մեջ մտնում են հրթիռային հածանավ և երեք էսկադրային ականակիր։ Կարմիր ծովի կենտրոնական մասում վաղուց մարտական ​​հերթապահություն իրականացնող «Հարի Թրուման»-ի տախտակամածային ավիացիան գործնականում շուրջօրյա հարվածներ է հասցնում Եմենի հութիների ռազմական օբյեկտներին:

Օրերս ամերիկյան երկրորդ ավիակրային հարվածային խումբը՝ միջուկային էներգիայով աշխատող «Կառլ Վինսոն» ավիակրի գլխավորությամբ, ժամանել է Մերձավոր Արևելքի շրջան՝ աջակցելու «Հարի Թրուման»-ի գործողություններին։ Նրա կազմի մեջ մտնում են հրթիռային հածանավ և երկու էսկադրային ականակիր։ Խումբը ներկայում գտնվում է Արաբական ծովում՝ Օմանի հարավային ափերի մոտ:

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը կարգադրել էր երկրորդ ավիակիրն ուղարկել Մերձավոր Արևելք՝ հութիների ռազմական օբյեկտներին զանգվածային ավիահարվածներ հասցնելու որոշման ֆոնին

Պենտագոնն ապրիլի սկզբին Հնդկական օվկիանոսում գտնվող բրիտանական Դիեգո Գարսիա կղզու բազա է տեղափոխել վեց B-2A Spirit ռազմավարական ռմբակոծիչներ՝ պատրաստված «սթելս» տեխնոլոգիայով: ԱՄՆ ռազմաօդային ուժերն ունեն, ընդհանուր առմամբ, այդպիսի 19 ինքնաթիռ: CNN հեռուստաալիքի տվյալներով, որը վկայակոչում է Պենտագոնի ներկայացուցիչներին, այդ ռմբակոծիչները հարվածներ են հասցնում Եմենում հութիների թիրախներին։

Բացի այդ, ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի բազաներ է տեղափոխել  A-10 Thunderbolt II գրոհիչների ավիացիոն խմբավորում: ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հաղորդագրության համաձայն՝ ինքնաթիռները մարտական ​​առաջադրանքներ են կատարում տարածաշրջանում։ԱՄՆ-ն նաև Հորդանան է տեղափոխել հինգերորդ սերնդի F-35 կործանիչների խումբ:

Բացի այդ, Հեգսեթը կարգադրել է Մերձավոր Արևելքում տեղակայել հակահրթիռային պաշտպանության երկու Patriot մարտկոց և մեկ THAAD մարտկոց: Դրանք տեղակայված են Պարսից ծոցում Կատարի և ԱՄԷ-ի ռազմաբազաներում: ԱՄՆ-ն նաև մեկ THAAD մարտկոց է տեղափոխել Իսրայել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս