Բաժիններ՝

Ովքե՞ր են այսօրվա հերոսները

Այն, որ հայ հասարակության արժեհամակարգը ենթարկվել է գլոբալ փոփոխությունների՝ անհերքելի փաստ է: Փոխվել են հերոսներ ու իդեալներ կերտելու չափանիշները: Եթե նախկինում պատմության մեջ որպես հերոսներ ամրագրվում էին հայտնագործողները, ստեղծողները կամ հայրենիքի նվիրյալները, ապա այսօր «հերոս» են՝ տիրակալները, զավթիչներն ու խոշոր կարողությունների տեր մարդիկ:

 

Sahak Poxosyan

Քանդակագործ Սահակ Պողոսյանը՝ պատասխանելով 168.am-ի, թե ովքե՞ր են այսօրվա հերոսները, ասաց. «Այսօրվա հերոսը միանշանակ անհատը կամ մարդը չէ: Այսօրվա հերոսը փողն է: Նախկինում փոխհարաբերությունները կառուցվում էին մարդ-մարդ հարաբերություններով: Մարդը կոնֆլիկտի մեջ էր մեկ այլ մարդու հետ: Պայքարի ընթացքում ոչնչացնում էր մյուսին ու հռչակվում հերոս յուրայինների կողմից: Մինչդեռ հիմա չկան մարդ-մարդ հարաբերությունները, նրան փոխարինելու է եկել մարդ-մեքենա հասկացողությունը: Ու որպեսզի հռչակվես հերոս` դու պետք է ունենաս ավելի հզոր մեքենա, քան քո թշնամին: Բնականաբար, այն ինքնաբերաբար հռչակվում է որպես հերոս: Նրա առավելությունը մարդու նկատմամբ այն է, որ այս հերոսը բացարձակ ոչ մի զգացմունք չունի»:

«Անտարես» հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ կարևորելով այս թեման բավականին ուշագրավ զուգահեռներ անցկացրեց. «Բոլոր այն մարդիկ, ում համար Հայաստանը ապրելու վայր է (տուն) և այդ մարդիկ այդ տան բարեկեցության, կանոնի համար ջանք են գործադրում՝ հերոսներ են:

armen_martirosianՈրպեսզի ընթերցողը չընկնի սուբյեկտիվիզմի մեջ՝ օրինակով հիշատակեմ Ռուսաստանի երկու աստղերի՝ Քսենիա Սոբչակին և Թինա Կանդելակիին: Սոբչակը և Կանդելակին գրեթե նույն բարձրության աստղեր էին, որոնցից երկուսն էլ նույն աշխատանքն էին կատարում: Սակայն Սոբչակը վաղ հասակից ընտելացել էր այն հարաբերություններին, որոնք շաղկապված էին բարձր բարոյական արժեքներով: Կանդելակին անցել էր կյանքի ծանր ճանապարհ և աշխատանքի, նպատակասլացության շնորհիվ հասել էր ռուսաստանյան աստղերի չափանիշներին: Մինչդեռ եկավ մի օր, երբ պետք էր ընտրություն կատարել. չեմ ցանկանում ասել, թե ինչ ընտրել, որովհետև դա այս պահին կարևոր չէ, բայց այդ ընտրության մեջ մեկը պահեց իրեն տան տիրոջ նման, իսկ մյուսը՝ հյուրի, ով կարող էր այդ ծանր ճանապարհն անցնելու համար բարձր զոհաբերությունների գնահատումը կորցնել:

Սոբչակը Ռուսաստանն ընկալում է «место, где можно жить», իսկ Կանդելակին՝ «место, где можно выжить»: Հիմա վերադառնալով մեզ, կարծում եմ, բոլոր նրանք, ովքեր վտանգ զգալով, որ կարող են կորցնել կյանք, առողջություն, բարեկեցություն, կատարում են իրենց վրա վերցրած հասարակական միսիան, հանուն պետության գնում են մինչև վերջ՝ կոչվում են հերոսներ:

Այսօրվա հերոսներ են Մհերը Արշակյան, ով դեմ է գնում Թոխմախի Մհերին, Մարիամախոտ Թեղուտի Սուխուդյանը, ով քյալա է տալիս կին ծեծող Սյունիքի մարզպետի հետ, այն դեպքում, երբ կյանքին ռեալ վանգ էր սպառնում: Հերոս են Մարտի 1-ի և «Հարսնաքարի» զոհերի ծնողները, որ չեն տրվում տարբեր տեսակի ճնշումներինին՝ հանուն իրենց տեսակի: Հերոս է խրամատում կանգնած զինվորը, որ սպայի զոռբայության և թշնամու կրակի արանքում ընտրում է Հայաստանը, քանի որ Հայաստանը տուն է: Քանի որ Հայաստանն այս բոլոր մարդկանց տիպերի համար՝ «место чтобы жить» է և հետ գնալու տեղ չկա և ոմանց մտքի ծայրով էլ չի անցնի երբեք այլ երկրում ապրել:

Պատմությունից ինչ հերոս էլ հիշեք՝ բոլորի վարքագիծն էլ այսպես է եղել: Եվ բոլոր նրանք, ում համար Հայաստան նշանակում է ընտանիք, կյանք, տուն՝ նահանջելու տեղ չունեն, իրենք պաշտպանում են բոլորիս տները, ընտանիքները, մեր պատիվը, բնությունը: Զոհաբերելով իրենց անվտանգությունն ու կյանքը՝ այդ մարդիկ արդեն հերոսներ են:

Այսօրվա հերոս է նաև այն պատանին, ում վրա դասարանցիները ծիծաղում են լավ սովորելու կամ դպրոց դասագիրք տանելու համար, սակայն նա ատամները սեղմելով սովորում է՝ հանուն իր տեսակի, հանուն՝ մեր տան, պետության… Հերոս է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի թիկնապահը, ով հրաժարվեց հակասահմանադրական հրաման կատարել Մարտի մեկի առավոտյան՝ վտանգելով իրեն և, ի վերջո, զրկվելով աշխատանքից և բարեկեցությունից:

Այն նախարարն է հերոս, որ կոտրելով ստերեոտիպը, գալիս հրապարակավ երեխաների համար գիրք է կարդում: Ճիշտ է՝ բացի անգրագետ իշխանականների կողմից հրարգանքը կորցնելուց ուրիշ ոչինչ չկորցրեց և միգուցե՝ ձեռք բերեց, բայց առաջինն էր, ով այդ քայլն արեց»:

Armenuhi MartirosyanՆկարչուհի Արմինե Մարտիրոսյանը կարծում է՝ այսօր հերոս են նրանք, ովքեր լողում են գետին հակառակ ուղղությամբ՝ չդավաճանելով իրենց: «Հերոս են նրանք, ովքեր այս դժվար ժամանակներում չլքեցին իրենց հայրենիքը: Հերոս են նրանք, ովքեր խարդախության և չարության մեջ մնացին ազնիվ: Ի վերջո, նրանք են հերոս, ովքեր բարեգործություններ են անում՝ չուզենալով, որ մեկն իմանա իրենց անունը: Ասում են՝ արագիլը մեկ ոտքի վրա է կանգնում, որ թեթև լինի աշխարհի հոգսը: Մտածում եմ ինչ բան է հերոսը…  Երբ մայրը որդուն ուղարկում է կռվելու՝ մա՞յրն է հերոս, թե՞ որդին: Ասում են՝ հերոսի մայր և չեն ասում հերոս մայր: Այսպես բոլոր հարցերում հերոսը շատ դեպքերում չի նկատվում, որովհետև չի գիտակցել իր հերոս լինելը: Մարդկանց ենթագիտակցության մեջ առկա է այն կարծրատիպը, որ զոհվածների մեջ են հերոսները, մինչդեռ այս խարդախության պայմաններում ապրողներից շատերն են հերոսներ: Այսօր շքանշաններն էլ կորցրել են իրենց դերն ու նշանակությունը: Պարգևատրում են ում ցանկանում են, մինչդեռ իսկական հերոսնեերն անճանաչ են»:

VahramԳրող-հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանի համար հերոս են՝ «բոլոր անհնազանդները` գողության հանդեպ, բռնության, կեղծիքների, իներցիայի, «մեյնսթրիմի»… Եվ երիտասարդները, ովքեր մեծ արդյունքների են հասել ինքնազարգացմամբ կամ ուսում են առել արտասահմանում, ունեն հնարավորություն «դուրս» գնալու, բայց իրենց ներուժն օգտագործում են երկրի վիճակը լավացնելու համար»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս