Ոստիկանության քննիչ. Եթե անչափահաս երեխայի է բռնաբարել՝ ո՞նց չծեծես
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն այսօր հրապարակել է «Ազատազրկվածների նկատմամբ վերաբերմունքը ոստիկանության բաժիններում» զեկույցը:
Զեկույցը կազմելիս զրույցներ են եղել նաև դատախազների, քննիչների և ոստիկանների հետ: Ըստ զեկույցի՝ քննիչներից մեկը, խոսելով ձերբակալված անձանց նկատմամբ կիրառվող բռնություններից, ասել է. «Եթե անչափահաս երեխայի է բռնաբարել, ո՞նց չծեծես»: Քննիչներն ասել են, որ իրենց գործերի ծավալը մեծ է, ֆինանսավորումը, համապատասխան սարքավորումները և նյութերը բավարար չեն, այդ իսկ պատճառով դժվար է բոլոր գործերով մանրակրկիտ քննություն իրականացնել, երբեմն բռնություն կիրառելով շատ ավելի դյուրին ու շուտ կարող են բացահայտել հանցագործությունը:
Քննիչներից մեկը պատմել է, որ խոշտանգումները հիմնականում կատարվում են օպերատիվ աշխատողների կողմից, և երբ անձը բերվում է քննիչի մոտ, արդեն հիմնականում «մշակված» է լինում: Որպես կանոն՝ քննչիներն անձամբ խոշտանգմանը չեն մասնակցում: Խոշտանգման ձևերից է ոտքերի տակ՝ կոշիկի վրայից, հարվածներ հասցնելը, որպեսզի հետքեր չմնան: Կարող են անձին հակագազ հագցնել՝ փակելով շնչատար խողովակը և ստիպել կտրուկ շարժումներ անել, որպեսզի անձին հասցնեն շնչահեղձության՝ առանց տեսանելի մարմնական վնասվածքներ պատճառելու:
Մեկ այլ քննիչ ասել է, որ հաճախ իրենք ստիպված որպես խափանման միջոց են ընտրում կալանավորումը, թեև ներքուստ համոզված են, որ դրա հիմքերը չկան. նրանք մտավախություն ունեն, որ դատախազությունում կարող են կասկածել՝ իրենք ինչ-որ կերպ շահագրգռված են տվյալ գործի ելքով: Զեկույցի համաձայն՝ նման մտահոգություն արտահայտել են նաև դատավորերը:
«Իմ ինչի՞ն է պետք մեծածավալ և հիմնավորված փաստաթուղթ պատրաստել դատարանի համար, միևնույն է՝ ինչ էլ ներկայացնում եմ, դատարանն իմ կողմն է վճռում: Այ երբ դատարանները ինձ մերժեն, այն ժամանակ էլ կմտածեմ»,- զրույցի ժամանակ ասել է դատախազներից մեկը: