«Աֆիցերը» հայհոյել էր ու հետո էլ բաներ է եղել». ասում է մահացած զինծառայող Րաֆֆի Մարաշլյանի հայրը
ԼՂՀ ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վնասվածքից մահացած ժամկետային զինծառայող, 1994 թվականին ծնված Երևան քաղաքի բնակիչ Րաֆֆի Լևոնի Մարաշլյանի հայրը՝ Լեւոն Մարաշլյանը պարզել է, որ մինչեւ դեպքի օրը՝ ապրիլի 19-ը, երբ տեղեկություն տարածեցին, որ որդին ինքնասպանություն է գործել, երկու օր շարունակ նա վեճերի մասնակից էր եղել: Ըստ ԳԱԼԱ-ի, զինծառայողի հայրը ասում է, որ չի հավատում ինքնասպանության կանխավարկածին: Նա գտնում են, որ Րաֆֆին այն անձնավորությունը չէր, ով ձեռք կբարձրացներ իր վրա. «Նրան կամ սպանել են, կամ ծայրահեղ դեպքում` ստիպել, դրդել ինքնասպանության»:
Լևոն Մարաշլյանը մի քանի օր առաջ մեկնել էր ԼՂՀ՝ այնտեղ, որտեղ որդին է ծառայել:
«Գնացի այնտեղ, որտեղ ծառայել է, ամեն տեղ եղա, նաեւ խրամատներով անցա, ոչ մի էական բան չիմացա, չեմ կարող ասել, թե անզգուշությո՞ւն է, ինչ է, բայց հաստատ ինքնասպան լինողը չէր: Ես գիտեմ իմ տղին: Թարսի պես, կողքը մարդ չի եղել, որ մեկը լիներ գոնե տեսնող… հետի բոլոր ծառայողներին տեսա, խոսեցի, բացի էդ աֆիցերից»:
Այնուհետեւ Լեւոն Մարաշլյանը պատմեց, որ իրեն հաջողվել է պարզել, որ դեպքից երկու օր առաջ վիճաբանություն է եղել, սպայական կազմից մեկ սպա հայհոյել է տղային եւ ծառայակից ընկերներին, ովքեր փորձել են սուրճ եփել: «Էդ աֆիցերը իրանց հայհոյել է: Ինքը ինչ-որ ստուգող աֆիցեր ա, ինչ ա, ես շատ գիտեմ: Իրանք ուզեցել են մի հինգ հոգով կոֆե խմեն, նրանցից մեկը վերցրել է ամանը ու որպեսզի շատ չսպասեն, շուտ եփի, մտցրել են վառարանի մեջ ու էդ ամանը՝ «կադիլակը» մրոտվել է, ինչը դուր չի եկել աֆիցերին: Ասել ա պետական գույք ա ու հայհոյել է: Չգիտեմ, վեճեր է եղել: Էդ դեպքը 17-ին է եղել, հետո էլի ինչ-որ բաներ են եղել: Ասել են՝ ինքը հայհոյեց քեզ եւ այլն, չգիտեք` հիմա բանակի օրենքները գաղութից բեթար են սարքել: Իրան երեսով են տվել, թե դու քֆուր կերար… բանակը սարքել են գաղութից բեթար, բայց, ասում են, երեխեն չի մտցրել էդ ամանը առաջինը, քֆուրն իրա վրա են գցել…չգիտեմ, ինչ ասես՝ խոսում են, սրանք սաղ վարկածներ են դեռ, ոչինչ չգիտենք: Խելքս ոչ մի բան դեռ չի կտրում: Ոչ մի բան չի ասել մեզ՝ ո´չ ինձ, ո´չ մորը»:
Լեւոն Մարաշլյանի խոսքերով` այս ամենի մեղավորը սպան է, ով հայհոյել է եւ ինչից վեճ-վիճաբանություն է ծագել:
«Էդ աֆիցերը հենց այնպես չի մարսելու, ամեն ինչ անցնել -գնալու՞ է, հա՞: Իրան ցույց չտվին: Ասին՝ գաղութում է, չգիտեմ, ասին նաեւ էն ծառայակից ընկերներին էլ են բռնել ու սաղ Շուշիի գաղութում են: Ոչինչ չեմ կարող ասել, բացի նրանից, որ տղաս ինքնասպանություն գործող չէր, ու որ աֆիցերը ինձ պատասխան է տալու»: