Բաժիններ՝

Ուջանի գյուղապետը տեղյակ չէ՝ ովքե՞ր են հէկ-ի սեփականատերերը. միայն լսել է, որ պարսիկներ են

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նախօրեին Արագածոտնի մարզի Կոշ, Ուջան, Ավան, Լեռնարատ գյուղերի բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ փակելով Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ուջանի հատվածի երթևեկությունը: Գյուղացիները բողոքում էին, որ Ամբերդ գետի վրա կառուցված հէկ-երի պատճառով իրենք զրկվում են ջրից:

Գյուղերի բնակիչներն իշխանություններին բազմիցս ահազանգել էին խնդրի մասին, սակայն որևէ արձագանք չստանալուց հետո, ի վերջո, որոշել էին բողոքի ակցիա կազմակերպել: 168.am-ի թղթակցին Ուջանի բնակիչները պատմել էին. «Այդ 4 գյուղերը մոտավորապես 8-9 հազար բնակիչ ունեն, և այդ գյուղերում պահում են մոտավորապես 100 հազար փոքր եղջերավոր և խոշոր եղջերավոր անասուններ: Այդ բոլորը սնվում են սարից եկող ջրով: Այդ ջուրը պարսիկներն այսօր գէսեր են սարքում, ոչ թե այսօր,  այլ արդեն երրորդ տարին է: Այդ գէսերով բիզնես են անում, հոսանք են արտադրում, որ վաճառեն՝ հարստանան: Մենք մեր ատոմակայանն ունենք, ջրային գէսերն ունենք, քի՞չ էր, եկել են այդ 10 հազար բնակիչի վզին խփում են»:

Գյուղի բնակիչը պատմել է նաև, որ գյուղում 3-4 օրվա ընթացքում մեկ անգամ են ջուր ունենում. «Եղել է՝ 10 օրը մեկ է ջուր եկել»: Գյուղի բնակիչները պատմել էին նաև, որ դեպքեր են եղել, երբ մի քանի օր շարունակ ջուր չունենալուց հետո՝ ջրից որդեր են դուրս եկել. «Այո՛, խմելու ջրի մեջ: Դա էլ ասեմ՝ ինչպես է լինում: Գարնանը անձրևները, որ վարար են, այս անձրևների պատճառով 10 օր է՝ ջրի վիճակը լավ է: Հես ա, որ շոգերն ընկավ, անձրևները կտրվեց, նույն վիճակն է, քանի որ այդ ոռոգման ջրերը չեն թողնի, որ գա սարերը ոռոգի, որ լինի արոտավայրերում անասունների համար, որ ներծծվի այդ ջրերը, գա, դառնա աղբյուրի ջրեր, և այս գյուղերն օգտվեն: Չեն թողնում: Բասեիններ են սարքում, լճեր են սարքում, գէսեր են սարքում, որ բիզնես անեն»,- ասել էր բնակիչ Մյասնիկ Ղազարյանը:

168.am-ը Ուջանի գյուղապետ Առաքել Հարոյանից հետաքրքրվեց՝ արդյոք բնակիչների բողոքի ակցիայից հետո խնդրին լուծում տրվե՞լ է, թե՞ ոչ:  «Այո, ջրի հարցը լուծվել է: Մարզպետի միջամտությամբ բոլոր գէսի ջուրը թեքվել է ամբողջ գյուղերի կողմը: Հիմա, փառք Աստծո, իրենց ոռոգման հարցերն էլ, մեր աղբյուրի ջրերն էլ կարգավորված է: Առայժմ այդ բանն արված է: Հիմա, այս վայրկյանով, այս ժամանակով մարզպետի հրահանգով այդ բանը արված է: Մենք էլ շնորհակալ ենք առայժմ: Տեսնենք, եթե այդպես մնա՝ շատ լավ է»,- ասաց Ուջանի գյուղապետը: Հարցին՝ արդյոք լուծումը վերջնակա՞ն է, թե՞ ժամանակավոր, Առաքել Հարոյանը պատասխանեց. «Այս վայրկյանին խնդրին լուծում է տրվել: Դրանից հետո հիմա խոստացել է մարզպետը իր կողմից, պլոմբը դրվել է, արձանագրություն կազմվել է ոստիկանապետի, մյուսների հետ, որ գյուղացիներն օգտվեն այդ ջրից»:  Գյուղապետը նշեց, որ մինչ այդ չորս գյուղերի բնակիչների բողոքի ակցիան՝ մի քանի գյուղապետեր դիմել էին մարզպետին և առաջարկել խնդրին լուծում տալ:

Կարդացեք նաև

Առաքել Հարոյանը նաև ասաց, որ Ամբերդ գետի վրա այժմ աշխատում է թվով երկու հէկ, նախաձեռնվել է նաև 3-րդ-ի շահագործումը. «Առաջինը չի խանգարում, երկրորդն ու երրորդը կխանգարեն, իհարկե»: Գյուղապետը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղեկություն չունի՝ ովքե՞ր են հէկ-երի սեփականատերերը, սակայն խոսակցություններ է լսել, որ սեփականատերն ազգությամբ պարսիկ է. «Միայն դա: Հարց չի եղել, փաստաթղթերի հետ կապված խնդիրներ չեն եղել, որ մենք էլ իմանանք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս