
Վտանգը կա և վտանգը լուրջ է. Գերիների հարցը ո՛չ քաղաքական, ո՛չ էլ դիվանագիտական լուծում չունի. Մովսես Հակոբյան

Երեկ երեկոյան Ստրասբուրգում ընթացող Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի շրջանակում ավարտվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերաբերյալ «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները» խորագրով բանաձևի քննարկումը։ Բանաձևի քվեարկությունը տեղի կունենա այսօր։
Բաքվում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու դատավարությանը զուգահեռ՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը կրկին ՀՀ իշխանություններին կոչ է արել Ադրբեջանին հանձնել «ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվողներին»։
«Դատավարության դեմ անհարկի քարոզչություն անելու փոխարեն՝ Հայաստանի կառավարությունը պետք է համագործակցի դատական գործընթացի հետ՝ օգնելու տարածաշրջանում անցումային արդարության վերականգնմանը և կայուն խաղաղությանը։
Խաղաղության իրական մտադրությունը և Ադրբեջանի հետ հարաբերություններում նոր սկիզբը, ի թիվս այլ բաների, կցուցադրվի Հայաստանի պատրաստակամությամբ՝ ընդունելու իր պատասխանատվությունը և հանձնելու ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվողներին, հատկապես նրանց, ովքեր ներկայումս թաքնվում են Հայաստանի տարածքում»,-ասել է Հաջիևը։
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի կարծիքով՝ Բաքվում ապօրինի պահվող հայ պատանդների և գերիների հարցը ո՛չ քաղաքական, ոչ էլ դիվանագիտական լուծում չունի։
«Ես այդ հարցին մեկ անգամ անդրադարձել եմ, որը հրապարակման ենթակա չէ։ Այլ բան ես չեմ ասի՝ ով բանակցում է Ադրբեջանի հետ, նա էլ կարող է հարցը մեկնաբանել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մովսես Հակոբյանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի պահանջներին՝ Ադրբեջանին հանձնել Արցախի ու արցախահայերի ազատության ու ինքնորոշման համար պայքարած անձանց, և ՀՀ իշխանությունների վտանգավոր լռությանը, Մովսես Հակոբյանը նկատեց՝ դժվար է մեկնաբանել իշխանությունների լռության պատճառները, որոնց հետ չի շփվում։
«Վտանգը կա և վտանգը լուրջ է, ասեմ նաև, որ Հայաստանն այդպիսի փորձ ունեցել է՝ 100 տարի առաջ ՀՀ իշխանությունը նույն գործողությունները կատարել է, Զանգեզուրի պաշտպաններին Ադրբեջանի պահանջով հանձնել է նրան։ Հիմա ես չգիտեմ՝ ինչ կլինի, բայց մեկ բան հստակ գիտեմ՝ այս բոլորին դիմակայելու մեկ ձև կա՝ ուժեղանալ, պիտի ուժեղ լինենք»,- նշեց Մովսես Հակոբյանը և շեշտեց՝ մնացածի վերաբերյալ թող խոսեն օրվա պատասխանատուները։