Արամ Մանուկյան. Մենք ամենավստահելին ենք, կանխատեսելին, մշտապես ժողովրդի կողքին կանգնած

Քիչ առաջ մեկնարկեց ՀԱԿ հանրահավաքը: Ելույթով հանդես եկավ ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը, ով անկեղծացավ, թե կարոտել էր իր ընտրողներին: «Ես կարծում եմ դուք էլ կարոտել եք համոզիչ ու վստահելի խոսքին»,- ասաց նա:

Արամ Մանուկյանն անդրադարձավ մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին, որոնք, ըստ նրա, ամենևին էլ տեղական ընտրություններ չեն, չեն վերաբերում միայն Երևանին, մայրաքաղաքի տնտեսական, ջրահեռացման, կանաչապատման կամ կոյուղու հարցերի լուծմանը:

«Այս ընտրությունները ավելին են, քան սովորական ընտրությունները, որովհետև Երևանում է որոշվելու ոչ միայն ավագանու, այլ նաև Հայաստանի իշխանության խնդիրը, քանի որ Երևանում է կենտրոնացած Հայաստանի բոլոր բնագավառների հիսուն տոկոսից ավելին: Եթե աստված մեզ շնորհ բերի, մի քիչ էլ խելք՝ միասնական լինելու առումով, այս ընտրություններում Հանրապետականին զրկել մենաշնորհից ու վերադարձնել այս սուրբ մայրաքաղաքը, ապա մենք կլինենք լավ քաղաքական ուժ ու վստահելի պարտնյորներ»,- ասաց նա:

Արամ Մանուկյանը նշեց, որ «էս գլխից» իրենք հայտարարում են, որ ոչ իշխանական ուժերը պարտավոր են միավորվել, ամբիցիաներ «չխաղացնել» ու Երևանը վերցնել այսօրվա ռեժիմի ձեռքից: Նա կոչ արեց ժողովրդին տրամադրվել, որ ավագանու ընտրությունները պետք է դիտարկել որպես քաղաքական համապետական կարևորության ակցիա, ոչ թե որպես սովորական քվեարկություն:

Արամ Մանուկյանը շեշտեց, որ նախագահական ընտրություններին Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է ու ժողովուրդը, նրա խոսքով, հիմա էլ պատրաստ է ոչ իշխանություններին տալ իր ձայնը:

Նրա խոսքով, ՀԱԿ-ը հայտ է ներկայացնում այդ ձայները ստանալուն: «Մենք ամենավստահելին ենք, կանխատեսելին, մշտապես ժողովրդի կողքին կանգնած ենք, ամենաչարչրկվածն ենք, բայց ժողովրդի կողքին կանգնած ենք: Մեզ կոտրել չկա, ժողովուրդ: Ես միշտ միտինգներին կրկնել եմ՝ հալալ է  քաղաքական այն ուժերին, որոնք այսպես էն մտածում ու գործում են այս սկզբունքով, որ Սերժ Սարգսյանը չպետք է իշխանավորի և ՀՀԿ-ից պետք է վեցնել իշխանությունը»,- եզրափակեց Ա. Մանուկյանը:

Տեսանյութեր

Լրահոս