Ի՞նչ է գրվելու 2050 թվականի պատմության դասագրքում. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանիր այսօրվա խմբագրականում գրում է. «Այսօր, երբ դեռ ողջ ենք մենք՝ Հայաստանի Երրորդ հանրապետության ծննդի ականատեսներս, գոյություն ունի այդ իրադարձությունների որոշակի ընկալում: Այդ ընկալումը, ինչպես ամեն ինչը մեզանում, բեւեռացված է:

Թե ո՞ր ընկալումն է «հաղթելու», երբ մենք չլինենք, հիմա դժվար է ասել: Բայց որոշ ենթադրություններ ես, այնուամենայնիվ, ունեմ: Ի՞նչ էր Հայաստանի համար 1990-ականների առաջին կեսը՝ «ցրտի-մթի տարինե՞ր», ինչպես որ դա 1998-ից հետո մարդկանց գլուխն էր մտցնում քոչարյանական քարոզչությունը, թե՞ հաղթանակների տարիներ, ինչպես որ կարծում եմ ես եւ մեր քաղաքացիների փոքրամասնությունը:

Հիմա, եթե ես թեկուզ ամեն օր գրեմ իմ կարծիքը, որ Արցախի ազատագրումն ավելի կարեւոր էր, քան կենցաղային դժվարությունները, միեւնույն է, ոչ ես, ոչ էլ որեւէ մեկն այսօր չի կարողանա 100 տոկոսով ապահովել այս կամ այն վարկածի գերակայությունը 2050 թվականի պատմության դասագրքերում: Առայժմ, իմ տպավորությամբ, կշեռքի նժարը թեքվում է դեպի «ցուրտն ու մութը»:

Այսօր, համենայնդեպս, պարզ է, որ այդ տարբերակն ավելի ձեռնտու է ներկայիս իշխանություններին, որոնց մեղքով այդ հաղթանակները զրոյացվեցին: Որովհետեւ՝ եթե «ցուրտ եւ մութ» էր, եթե «թալան էր», եթե «դժբախտ-դժգույն քաղաքներ» էին, ապա այդ հաղթանակներն արդեն իսկ մեծ չափով արժեզրկվում են:

Նրանք, ովքեր չեն կարող ժխտել, որ եղել են հաղթանակները, բայց ստիպված են միանալ իշխանության քարոզչությանը, ընտրել են «միջանկյալ տարբերակները».

«Այո, ազատագրել ենք, բայց 2018 թվականին հեղափոխությունը դրանից կարեւոր էր», «Այո, լավ մարդիկ ազատագրել են, իսկ վատ մարդիկ ամեն ինչ գողացել են»:

Կարծես, հնարավոր չէ, որ ազատագրողները նաեւ գողանան. ցավոք, համաշխարհային պատմությունը հակառակն է ցույց տալիս: Եթե այդ ամենին գումարենք, որ այսօր իշխանությունը քարոզում է «իրական»՝ 29 հազար քառակուսի կիլոմետրանոց Հայաստանը, իսկ Արցախն այդ «իրականի» մեջ չի մտնում, ապա դրանից կարելի է ուղիղ հետեւություն անել, որ 1988 թվականի շարժումը եւ դրան հաջորդող պատերազմն անիմաստ էին:

Այնպես որ՝ անհավանական չէ, որ 25 տարի հետո պատմության դասագրքում գրված կլինի մոտավորապես հետեւյալը. «1988 թվականին մի խումբ արկածախնդիրներ, ԽՍՀՄ Կենտկոմի եւ ԿԳԲ-ի հրահրմամբ, սկսեցին տարածքային պահանջներ ներկայացնել Ադրբեջանին, իսկ այնուհետեւ հարձակվեցին հարեւան երկրի վրա ու գրավեցին դրա ինքնիշխան տարածքի 20 տոկոսը:

Դրանից 26 տարի հետո Ադրբեջանը կարողացավ ազատագրել իր տարածքը, իսկ Հայաստանում իշխանության եկան ուժեր, որոնք վերջ տվեցին հայկական ֆաշիզմին ու ռեւանշիզմին»:

Պարզ չէ, սակայն, այդ դեպքում դա կլինի հայկակա՞ն, թե՞ թուրքական դասագիրք: Եթե «իրական Հայաստանի գաղափարախոսությունը» հաղթի, ապա, շատ հավանական է, հայկական պետություն այլեւս չի լինի»:

Տեսանյութեր

Լրահոս