
«Լավ, չհոգնեցի՞ն, ի՞նչ է նշանակում՝ նախկին. նախկին իշխանությունների ժամանակ ի՞նչ է եղել, հա, կոռուպցիա, ինչ-որ բաներ եղել են, բայց անվտանգ ենք ապրել, Արցախ ենք ունեցել… Եղբայր, կոռուպցիա հիմա էլ կա». Գուրգեն Խանջյան

Հայաստանի գրողների միության անդամ, արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանը դժվար է պատկերացնում Հայաստանում իշխանափոխության ճանապարհը, բայց վստահ է, որ հեշտ կլինի միայն այն ժամանակ, երբ ժողովուրդը միասնական ոտքի կանգնի։
«Բայց մենք տեսնում ենք, որ ժողովուրդը ոտքի չի կանգնում, չգիտեմ՝ պատճառը որն է՝ անտարբե՞ր են, կներեք՝ բթացե՞լ են, քնա՞ծ են, կամ՝ էլ չեն ուզում հայ մնալ, 100 տարի անց թուրքերի յաթաղանն են կարոտել, սա ես իսկապես չեմ հասկանում։
Բայց մյուս կողմից էլ՝ չպետք է միշտ ժողովրդին մեջբերենք, քանի որ ազգը պետք է ունենա իր ամուր ու գործուն կորիզը, և այդ կորիզը պետք է իրագործի բոլորը։ Այստեղ ուղղակի ժողովրդին երևի կարողանում են կա՛մ լավ համոզել, կա՛մ չհամոզել, կա՛մ տանել իրենց հետևից, կա՛մ չտանել։ Խոսքն այն մեծ հատվածի մասին է, որն այսօր Հայաստանում իրավիճակը լավ չի պատկերացնում։ Այնպիսի բաների մասին են ասում, որ մարդ պարզապես ապշում է, ինչ-որ միֆերի հետևից են գնում։ Ցավոք, մեր ժողովրդի մի մասի մոտ սեփական տրամաբանությունը վատ է աշխատում։ Այդ տրոհվածությունն ու հատվածայնությունն էլ խանգարում է ինչ-որ բաներ իրագործել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գուրեն Խանջյանը՝ խոսելով Հայաստանում ստեղծված իրավիճակի, ազգի անելիքների մասին։
Ըստ մեր զրուցակցի՝ հույսը դնել, որ օրվա իշխանությունը կարող է գիտակցել իր հայ լինելը՝ նվազ հավատալի է կամ անհավատալի, որովհետև իշխանության մի մասը գուցե իրենք իրենց էլ են արդեն խաբել, թե այլ ճանապարհ չկա։
«Միֆերի հետևից են ընկել, իսկ խորքում մի քանի հոգի պարզապես իրենց կաշին են փրկում։ Մենք էլ նստած նայում ենք, սպասում, թե ինչի ենք սպասում՝ չգիտեմ։ Մենք ժամանակ չունենք, կտրուկ ու ռադիկալ գործողություններ են պետք։ Ընդդիմության մեջ պետք է լինեն մարդիկ, գիտակ, տրամաբանող հատվածն այս ամենը վերցնի ու տանի, պիտի անի այս բանը, կտրուկ գործողության պակաս կա։
Գիտեք, մենք մի կետի ենք հասել, որտեղից այն կողմ քայլ չի արվում, ու որտեղ մեզ ասում են՝ վատն եք, այդ եք արել, այն եք արել, և այսպես ինչքա՞ն, 1,2, 3 տարի ասեցիք, հետո՞։
Ամբողջ կռիվն այստեղ է՝ «նախկիններ», լավ, չհոգնեցի՞ն, ի՞նչ է նշանակում՝ նախկին։ Նախկին իշխանությունների ժամանակ ի՞նչ է եղել, հա, կոռուպցիա, ինչ-որ բաներ եղել են, բայց անվտանգ ենք ապրել, Արցախ ենք ունեցել։ Եղբայր, կոռուպցիա հիմա էլ կա, ԱՄՆ-ում ու Եվրոպայում էլ կա, դրա դեմ պետք է իրավապահ համակարգը պայքարի։ Այս խայծի վրա այս ամբողջ ժողովրդին արդեն 7 տարի պահում են, անվտա՞նգ ես եղել՝ հա, դաշնակիցներ ունեցե՞լ ես, սոված չես եղել, կուշտ ես եղել, գուցե սրանից էլ ավելի կուշտ ես եղել։ Այդ ամբողջ ակնառու բաները թողել, գնացել ինչերի հետևից են ընկել՝ թալան, հա թալան։ Լավ, եթե թալան է եղել, բռնեք այդ թալանչիներին, ոչ թե դա դարձրեք դրոշակ։ Հիմա այսօրվա իշխանությունն արդեն այս նարատիվի վրա դարձել է «նախկին»»,- հավելեց մեր զրուցակիցը։
Դրամատուրգի բնորոշմամբ՝ այսօր իշխանություններն իրենց արած հանցագործությունների մեջ այնքան են խորացել, որ արդեն հետդարձի ճանապարհ չեն թողել, գուցե մտածում են հեռանալ, բայց այնքան հարստություն են կուտակել, որ դա էլ չեն ուզում թողնել։
«Հիմա էլ իշխանությունը նոր «կերակուր» է բերել՝ «նախկիններին» գումարեցին նաև Եվրոպա գնալու սուտը, որը գոյություն չունի։ Հա, Եվրոպան լավ է, ադամանդն է, որը, ի դեպ, արդեն ճաքեր է տվել, բայց ո՞ւր եք գնում, ձեզ ո՞վ է այնտեղ սպասում, ձեր ի՞նչն է Եվրոպային համապատասխանում։ Հետո մի ուրիշ բան են մտածելու ու դրանով կերակրեն ժողովրդին։
Պիտի անպայման գան ազնիվ, ուժեղ ու համարձակ մարդիկ, ամբողջ ճշմարտությունը պետք է այս ժողովրդին ասվի՝ բոլոր ուղղություններով։ Թե չէ այսպես մենք որևէ բանի չենք հասնելու, սա ոչ մի տեղ տանող ճանապարհ է։ Այսինքն՝ Թուրքիա տանող ճանապարհն է, որը մեր վերջն է լինելու՝ կա՛մ արագ, կա՛մ դանդաղ»,- ընդգծեց Գուրգեն Խանջյանը։