
«Բաքուն ՀՀ-ի դեմ պատրաստում է որոշակի «քեյսեր», պատերազմի հիմքեր է ստեղծում». Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Բաքվում հայ պատանդների ու գերիների նկատմամբ իրականացվող «դատական գործընթացին»։
Նրա խոսքով՝ Բաքվի գլխավոր խնդիրը եղել և մնում է Հայաստանի դեմ ճնշման նոր հնարավորություն ստեղծելը։
«Ինչպես ադրբեջանական ոչ պաշտոնական խոսափողներն են արձանագրում՝ Հայաստանի դեմ լեգիտիմ պատերազմի հիմք են ստեղծում։ Ես այս պահին չեմ կարող պնդել, որ սա «դատավարության» փուլում ի վերջո բերելու է ռազմական գործողությունների վերսկսմանը։ Բայց ինձ համար ակնհայտ է, որ պատրաստվում են որոշակի իրավական «քեյսեր», որպեսզի հետագայում բանակցային գործընթացում սա որպես լրացուցիչ ճնշում օգտագործեն Հայաստանի դեմ»,- նշեց Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ Բաքվում երեկվա «դատավարության» ընթացքում հնչեցրած ցուցմունքները չեն կարող լեգիտիմ լինել, որովհետև այն տեղի է ունենում ճնշումների, բռնարարքների արդյունքում։
«Ռուբեն Վարդանյանի ցուցմունքներից էլ է հստակ, որ կեղծ ցուցմունքներ են գրվել, և, բնականաբար, այդ կեղծ ցուցմունքների վրա մեղադրանք է կազմվել, բնականաբար, կարելի է ակնկալել, թե ինչպես կլինի այդ չակերտավոր դատավճիռը։
Ինձ համար պարզ է, որ Ադրբեջանն ընտրել է կոնկրետ ուղղություն, ընդ որում, դատավարությունն ամբողջությամբ նայելու հնարավորություն մենք չունենք, ակնհայտորեն փորձ է կատարվում Հայաստանին բերելու ու ագրեսորի կարգավիճակ կապելու, սրա հետ, օրինակ, որոշակի շաղկապվում է Հայաստանի այսօրվա սպառազինությունների ձեռքբերումը, ընդդիմադիր հատվածի որոշ հայտարարությունների համատեքստում Հայաստանը փորձում են ներկայացնել՝ որպես ռևանշիստի»,- ընդգծեց Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում