«Ախր չեն հասկանում մեր ցավը… կրկնում եմ՝ Փաշինյանը թող գնա ԴՆԹ անալիզ հանձնի, տեսնենք՝ հա՞յ է». Նաիրա Մարգարյան

44-օրյա պատերազմում նահատակված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մորը՝ Նաիրա Մարգարյանին, արդեն մեկ շաբաթ է՝ թիրախավորել են սոցիալական հարթակներում, այն բանից հետո, երբ տիկին Նաիրան հակադարձել էր Գյումրու համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՔՊ-ական Սարիկ Մինասյանին։

Հիշեցնենք, որ նա հայտարարել էր, թե «Արցախը Նիկոլ Փաշինյանը չի հանձնել, պարզապես չենք կռվել, բոլորս պիտի կռվեինք, ով կռվել է՝ զոհվել է»։

Նաիրա Մարգարյանն էլ հակադարձել էր՝ նրան հրավիրելով Պանթեոն, որպեսզի Սարիկ Մինասյանը գնա ու իր աչքերով տեսնի, թե Արցախի համար պայքարում որքան հայորդիներ են զոհվել։

Նաիրա Մարգարյանի հակադարձմանը հաջորդել էր Սարիկ Մինասյանի արձագանքը, թե՝ «Պանթեոնում չի թաղված էդ զինծառայողը, Շիրակի մարզի գյուղերից է»։

Կարդացեք նաև

Տիկին Նաիրայի խոսքով՝ իրեն համացանցում ֆեյքերը և իրական օգտատերերը մեղադրում են այս կամ այն քաղաքական ուժից իբր գումար վերցնելու և Սարիկ Մինասյանի դեմ խոսելու համար։

«Ես Սարիկ Մինասյանին չեմ կանչել իմ տղայի շիրիմին, այլ կանչել եմ Պանթեոն։ Ինքն ասում էր՝ Նիկոլ Փաշինյանը չի հանձնել Արցախը, ես էլ ուզում էի ինքը Պանթեոն գար, հիշեցնեի, որ Նիկոլ Փաշինյանն էր ԱԺ ամբիոնից ասում, որ՝ «պատերազմում կարող էինք ունենալ այս վիճակը, բայց առանց զոհերի»։

Նիկոլ Փաշինյանն է, չէ՞, ասել, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։

Աննա Հակոբյանն էլ ասում էր, որ՝ «մենք չենք կռվել, ունեցել ենք 11.000 դասալիք, ինքն էլ ջոկատ է կազմել, որպեսզի տղամարդիկ ոգևորվեն, գան կռվեն»։ Բա որ չէինք կռվել՝ Եռաբլուրը, այդքան պանթեոնները հենց այնպե՞ս մեծացան»,- 168.am հետ զրույցում նշեց Նաիրա Մարգարյանը։

Նրա խոսքով՝ շատերն իր վիշտը չեն հասկանում, դրա համար համացանցում վիրավորում են իրեն, մեղադրանքներ հնչեցնում։

«Ախր չեն հասկանում մեր ցավը, պատերազմից 5 տարի անց մենք շարունակում ենք մեր տղաների մասունքները հուղարկավորել։ Ունենք անհայտ ճակատագրեր, ո՞ւր են մեր երեխաները։

Ես ինչպե՞ս կարող եմ չհակադարձել, ոչինչ չասել, երբ իմ որդու աչքերը վերջին անգամ տեսել են Արցախի երկինքը, իմ որդու արյունը թափվել է Արցախում, այդ հողն ինձ համար սրբավայր է»,- շեշտեց նա։

Նաիրա Մարգարյանը նաև ընդգծեց՝ եթե իշխանություններն այդքան շատ են մտածում Արցախի մասին, գոնե պետք է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին գերությունից վերադարձնեին հայրենիք։

«Ալեն Սիմոնյանն ասում էր՝ «թող կռվեիք»… Արցախում մեր հայրենակիցները 9 ամիս շարունակ պայքարում էին իրենց հայրենիքի ու իրենց գոյի համար՝ շրջափակման պայմաններում։ Պայքարեց, անգամ սոված, Ադրբեջանից որևէ բան չուզեց։ Արցախում մենք երեխաների սպանություն տեսանք, բայց բոլորը լուռ էին, այդ թվում՝ ՀՀ իշխանությունները. Նրանք դիտորդի դերում էին։

Իշխանությունների նպատակը մեկն է՝ կատարել Ադրբեջանի պահանջները՝ նսեմացնելով մեր հերոսների արածները։

Ասել եմ ու կրկնում եմ՝ Նիկոլ Փաշինյանը թող գնա ԴՆԹ անալիզ հանձնի, տեսնենք՝ հա՞յ է»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Տեսանյութեր

Լրահոս