
«Եթե Սարիկ Մինասյանը տեղյակ չէ, որ Արցախը Փաշինյանն է հանձնել, գուցե նաև տեղյակ չէ, թե ինչքան զոհեր ունենք. Հանգիստ թողեք «Եռաբլուրը» և մեր տղաներին». Նաիրա Մարգարյան

Գյումրու համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը երեկ Գյումրիում լրագրողի հետ զրույցում ասել էր. «Արցախը Նիկոլ Փաշինյանը չի հանձնել, պարզապես չենք կռվել, բոլորս պիտի կռվեինք, ով կռվել է՝ զոհվել է»։
Սարիկ Մինասյանի այս հայտարարությունը մեծ դժգոհություն է առաջացրել զոհված տղաների հարազատների մոտ։
44-օրյա պատերազմում նահատակված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մոր՝ Նաիրա Մարգարյանի խոսքով՝ Սարիկ Մինասյանը պետք է ոչ թե առաջ տանի Աննա Հակոբյանի ու Նիկոլ Փաշինյանի թեզերը, այլ պարզապես շրջի ՀՀ ամբողջ տարածքում՝ գյուղից գյուղ, տեսնի, թե պանթեոններում որքան զոհեր են հուղարկավորված։
«Ինձ ուղղակի հետաքրքիր է՝ Սարիկ Մինասյանը եթե շրջի ՀՀ ամբողջ տարածքով, տեսնի մեր տղաների շիրիմները՝ կմնա՞ նույն կարծիքին, թե՞ ոչ։
Ես կուզեի հանդիպել Սարիկ Մինասյանի հետ ու նրան նայելով՝ հարց ուղղել՝ առհասարակ ինքը եղե՞լ է Պանթեոնում։
Եթե Սարիկ Մինասյանը տեղյակ չէ, որ Արցախը Նիկոլ Փաշինյանն է հանձնել, գուցե նաև տեղյակ չէ, թե ինչքան զոհեր ունենք։ Մարդը չի լսել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Նաիրա Մարգարյանը։
Նա ցավով ասաց՝ 2020 թվականին և դրան հաջոդած պատերազմում 18-20 տարեկան տղաներն ավտոմատով կռվել են Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից օգտագործվող արգելված զինատեսակների դեմ։
«Նիկոլ Փաշինյանը 2022 թվականին ԱԺ ամբիոնից անամոթաբար հայտարարում էր, որ՝ «կարող էինք ունենալ նույն արդյունքը, բայց առանց զոհերի»։
Այսքան ժամանակ կոնկրետ իմ տղայի շիրիմին որևէ պաշտոնյա չի այցելել, ես ցանկություն էլ չունեմ, որ իրենք այցելեն։
Եթե Նիկոլ Փաշինյանն ու իր խումբը մեղավոր չեն Արցախի կորստի ու մեր տղաների զոհվելու համար, ինչո՞ւ են գողեգող առավոտյան ժամը 06։00-ին գնում «Եռաբլուր», թող նորմալ ժամի գնան, մի բան էլ այնտեղ այցելող ծնողների հետ խոսեն։ Վախենում են, որովհետև մեղավոր են։
Իրենք գնում են Եռաբլուր միայն սելֆի անելու ու իրենց գովազդելու համար, բերանները մինչև ականջները բացած։ Ուզում եմ՝ իրենք հանգիստ թողնեն «Եռաբլուրը» և մեր տղաներին»,- ընդգծեց Նաիրա Մարգարյանը։