
Երազում եմ, որ տղերքը Բաքվից հետ գան, կանգնեն հրապարակում, ու բոլորս ամաչենք. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր գործով հերթական դատական նիստի ավարտին 168․am-ի հետ ավանդական հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության առջև ծառացած խնդիրներին և հայ գերիների վերադարձի հնարավորության հարցին։
– Ընդդիմության ներսում վերջին զարգացումներին դուք ակտիվ մասնակցեցիք հոդվածների ձևաչափով․ որևէ հավելելու բան ունե՞ք այսօր։
– Ինչ ասված է, ասված է, շատ բան է ասված․ մենք ենք մեղավոր, որ այստեղ է հասել, բայց եթե հասել է, պետք է ասվի։ Երեք պարադոքս կա այս ամեն ինչում․ եթե մենք ենք բերել Նիկոլին, ինչո՞ւ ենք ամենաշատը մենք տուժում, մենք ենք հալածվում։ Թե չէ՝ ստացվում է՝ բերել ենք մենք, բայց օգտվում են ուրիշնե՞րը։ Չեմ հասկանում։
Եվ մի պարադոքս կա․ մենք այս օրերին քաղաքական խոսույթը ձևակերպել ենք, բայց անձնական բնույթի և ավելի շատ նիկոլենց հարիր բառապաշար ենք լսել և անձնական հարձակումներ մեր հանդեպ, ինչը նույնպես քաղաքական բանավեճի որակը գցում է։ Երրորդ պարադոքսն էլ կա, որ այն ուժը, որ հավակնում էր խորհրդարանական ընտրություններից առաջ հաղթանակի, խորհրդարանական վերջին ընտրություններից չորս տարի անց փորձում է մեզ մեղադրել, որ մեկ երրորդ չեն ստացել։ Դա էլ է պարադոքս։
Ինչևէ։ Ես չեմ ուզում, որ 2026-ին կրկնվի 2021-ը, ես դրան հանդիմանում եմ, դրա հետ ok չեմ, դրա հետ համերաշխ չեմ, ու կապ չունի՝ ես ՀՀԿ-ի՞ց եմ, թե՞ ոչ։ Որպես հայ մարդ՝ դրա հետ համերաշխ չեմ, և շատ կուզեի, որ բոլոր գործընկերների հետ միասին մենք այդ ճանապարհով գնանք։
– ՔՊ-ն մեկ նստաշրջանով հետաձգեց ԵՄ-ին անդամակցելու մտադրության մասին օրինագիծը։ Ինչո՞վ եք սա բացատրում։
– ՀՀԿ-ի որոշումը և «Պատիվ ունեմ»-ի քվեարկությունը, ևս մեկ անգամ ապացուցվեց, որ ճիշտ է։ Մենք դեմ քվեարկեցինք, որովհետև և սիրում ենք ՀՀ-ն, և լավ գիտենք ԵՄ-ն։
Ավելին ասեմ՝ մենք հարգում ենք ԵՄ-ն և չենք ուզում նման չմշակված, քաղաքական անհեռատես կապրիզներով ջարմա դառնալ ԵՄ-ի վրա, ինչը և դառնալու էինք այս ընթացքում։ ԵՄ-ից գեթ մեկ բարձրաստիճան արձագանք չի եղել այս առնչությամբ։
Մենք դեմ ենք քվեարկել՝ նաև պաշտպանելով ԵԺԿ-ն և ԵՄ-ն անիմաստ խայտառակություններից և անիմաստ անախորժություններից։
– Հայ գերիների, ռազմագերիների վիճակի մասին ձեր դիտարկումները։
– Ես երազում եմ էն օրը, որ էդ բոլոր տղերքը գան Հանրապետության հրապարակ, ու ազգովի բոլորս անցնենք իրենց կողքով ու ամաչենք։
Մանրամասները՝ տեսանյութում