
Մեզ ասում են՝ հրաժարվե՛ք, որ դուք ազգ եք. եթե միջազգային հայցերից հրաժարվելու որոշում կայացնողները հասկանան, որ հրաժարվելու գինը կարող է լինել իշխանության կորուստը, կհրաժարվեն այդ մտքից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջով Նիկոլ Փաշինյանը միանձնյա՝ իր ՔՊ-ի հետ, որոշել է հրաժարվել միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած գանգատներից, հայցերից:
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն այդ կապակցությամբ հայտարարել էր.
«Միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելն անհնար է նաև իրավական արգելքի պատճառով:
ՀՀ կառավարության ղեկավարն այդ հայտարարություններն անում է ՔՊ ղեկավարի իր նեղ շահերի գերակայությամբ` ի չարը գործադրելով ՀՀ վարչապետի կարգավիճակը և սխալ մեկնաբանելով Կառավարության լիազորությունները: Նա չունի այդ գանգատներից հրաժարվելու կամ այդպիսի որոշումների համար քաղաքական ճնշում գործադրելու իրավասություն:
Դա հակասում է ՀՀ անվտանգությանն ու պետական մյուս շահերին, ոտնահարում է հայ ժողովրդի իրավունքները: Այդ գանգատներից հրաժարվելը Հայաստանի Հանրապետությունը դնում է պատասխանատվության տակ սեփական քաղաքացիներին իրենց իրավունքների զանգվածային խախտումների համար պաշտպանությունից զրկելու, այդ պաշտպանությունից հրաժարվելու և հետագայում պաշտպանության խոչընդոտներ ստեղծելու համար, մաքրում է ադրբեջանական հանցանքները:
Ուստի, գանգատներից հրաժարվելը չի կարելի «հիմնավորել»` Կառավարության ինչ-որ առանձին, «մեկուսացած» լիազորության վրա հղում անելով: Սա այդ դեպքը չէ:
Ընդ որում, միջազգային դատարանում միջպետական գանգատ ներկայացնելն ինքնին չի ենթադրում դրանցից հրաժարվելու Վարչապետի կամ Կառավարության բացարձակ հայեցողություն: Հրաժարվելն ունի բոլորովին այլ իրավական ռեժիմ արդեն իսկ նախաձեռնված կամ ընթացող միջազգային դատական գործընթացի պայմաններում:
Այն, որ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը ՀՀ վարչապետի աշխատակազմի կառուցվածքային միավոր է, ոչինչ չի նշանակում: Կոպիտ սխալ էր այդ միավորը Վարչապետի աշխատակազմի մաս դարձնելը՝ հատկապես գործող Կառավարության պարագայում, որի համար քաղաքական շահերը գերակա են պետական շահերի նկատմամբ»:
«Դասեր» հաղորդաշարի հյուրերը՝ իրավապաշտպան, «Միջազգային և համեմատական իրավունքի» կենտրոնի նախագահ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների ներկայուցիչ Սիրանուշ Սահակյանը և փաստաբան, միջազգային իրավունքի, տեսության մասնագետ, Ազզային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանն անդրադարձել են միջազգային դատական ատյաններից Ադրբեջանի դեմ ՀՀ կողմից ներկայացված հայցերը հետ կանչելու մասին Նիկոլ Փաշինյանի մտադրությանը։
«Միջազգային իրավական ներկայացուցիչը պետք է կարողանա օգտվել իր իրավունքներից։ Կառավարության քաղաքական դիրքորոշումը չի՛ կարող նույնանալ միջազգային դատական ատյաններում դատավարական կողմի իրավունքների հետ։ Որևէ կարգավորում չկա հայցից հրաժարվելու հարցի առնչությամբ։ Կարծում եմ՝ կա հնարավորություն, որ միջազգային հայցերից հրաժարվելու հարցը դրվի հանրաքվեի, ու ժողովուրդն ինքը որոշի այդ հարցը։ Հարցի վերջնական հանգուցալուծումը հայտնվելու է Սահմանադրական դատարանի տիրույթում, և միայն նրա եզրակացությամբ պայմանավորված՝ կորոշվի՝ կլինի՞ հանրաքվե, թե՞ չէ։ Այս գործընթացի կանխման կարևոր միջոց կլինի հասարակության դիրքավորումը։
Եթե հայցերից հրաժարվելու որոշում կայացնողները հասկանան, որ հրաժարվելու գինը կարող է լինել իշխանության կորուստը, կհրաժարվեն այդ մտքից։ Միջազգային դատական հայցերից հրաժարվելը նշանակում է, որ Ադրբեջանն օրինականացնում է Հայաստանի ինքնիշխանության, հայերի, արցախցիների իրավունքների խախտումները, Արցախի հայաթափումը, միևնույն ժամանակ մեզ զրկում է իրավական հետագա պաշտպանությունից։ Մեր կորուստները մենք կարող ենք վերականգնել միայն իրավական ճանապարհով, բայց երբ մենք այդ մեխանիզմները բաց ենք թողնում, փակում են այդ ճանապարհը»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
Ըստ Տարոն Սիմոնյանի՝ մեր սերունդներին պետք է բացատրել, որ պատերազմից խուսափելու լավագույն տարբերակն ուժեղանալն ու մեր արժանապատվությունը, իրավունքները պաշտպանելն է։
«Մեզ ասում են՝ հրաժարվե՛ք, որ դուք ազգ եք, ունեք իրավունքներ և կարող եք վերադառնալ ձեր հայրենիք։ Եթե անգամ մենք հիմա պարտություն ենք կրել, դա չի նշանակում, որ պետք է հրաժարվենք Արցախից։ Երբեք չի՛ կարելի վախենալ պատերազմից ու մշտապես պե՛տք է պայքարել իրավունքների համար։
Միջազգային դատական հայցերը, վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու մեխանիզմ են։ Ինչո՞ւ հրաժարվենք մեր այդ իրավունքից։ Ունե՞նք այն ռեսուրսը, որ կարողանանք մարտի դաշտում պատերազմել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ միասին։ Ուրեմն ինչո՞ւ հրաժարվել միջազգային հայցերից։
Վաղն Ալիևը կանգնելու է միջազգային դատարանի առաջ, և մենք ամեն ինչ անելու ենք, որ դա օր առաջ իրականություն դառնա»,- ասաց Տարոն Սիմոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: