
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը վերաճի երրորդ համաշխարհային պատերազմի. Թրամփ

ԱՄՆ վարչակազմն իր առաջնահերթություններից մեկն է համարում թույլ չտալ, որ Ուկրաինայի շուրջ ընթացիկ ճգնաժամը վերաճի երրորդ համաշխարհային պատերազմի։ Այս մասին ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Կարծում եմ, որ Էմանուելը համաձայն է ինձ հետ առավել կարևոր շատ հարցերում: Դրանցից գլխավորն այն է, որ այժմ ամենահարմար ժամանակն է: Սա կարող է լինել միակ ժամանակը: Դուք գիտեք, որ դա շատ հետաքրքրական և սարսափելի իրադրություն է, որը կարող է վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի: Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա», – ասել է Թրամփը՝ մեկնաբանելով իրավիճակն Ուկրաինայում:
ԱՄՆ նախագահը նաև ողջունել է Ֆրանսիայի դիրքորոշումը, որի համաձայն Եվրոպայի երկրները պետք է առաջատար դեր ստանձնեն Ուկրաինայի երկարաժամկետ անվտանգության ապահովման գործում։
«Ինձ ուրախացնում է, որ նախագահ Մակրոնը համաձայն է այն բանի հետ, որ խաղաղության ապահովման գինը և բեռը պետք է կիսեն Եվրոպայի երկրները, այլ ոչ միայն Միացյալ Նահանգները, ինչպես նաև այն բանի հետ, որ Եվրոպան պետք է առաջնորդի դեր ստանձնի Ուկրաինայի երկարաժամկետ անվտանգության ապահովման հարցում, ինչն էլ նա ցանկանում է: Դա շատ մեծ քայլ չէ: Մեծ քայլը կլինի այն, ինչը տեղի կունենա առաջիկա մի քանի շաբաթներին», – հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Միևնույն ժամանակ նա տարօրինակ է համարել այն հարցը, թե Միացյալ Նահանգները պատրա՞ստ է արդյոք մասնակցելու Ուկրաինայի վերականգնմանը։
«Դե, կարծում եմ, որ դա փոքր-ինչ տարօրինակ հարց է, որովհետև դուք հարցրեցիք, թե մենք պատրաստվո՞ւմ ենք արդյոք Միացյալ Նահանգների անունից ավանդ ներդնել Ուկրաինայի (վերականգնման) գործում: Չէ՞ որ մենք մոտ 350 միլիարդ դոլար ենք ուղարկել այնտեղ, և ես գտնում եմ, որ դա բավականին մեծ ներդրում է», – ասել է ԱՄՆ ղեկավարը: