
Արցախում տեղի ունեցածը եղել է ՀՀ իշխանության և բոլոր ամենապղտոր գլոբալիստական կենտրոնների ներկայացուցիչների համաձայնությամբ. Այս ամենը հայտնի է եղել բոլորին. Ալավերդյան

1998 թվականի փետրվարի 13-ին Ադրբեջանի իշխանությունների գիտությամբ և հովանավորությամբ Սումգայիթում տեղի ունեցավ հայերի կոտորած, որը շարունակվեց մեկ շաբաթ։ Ջարդարարները ծեծում, սպանում ու թալանում էին հայերին՝ նախապես իմանալով նրանց բնակության վայրերը։
Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ սումգայիթյան ջարդերն իրականում ցեղասպանական գործողություններ էին՝ ուղղված հայության դեմ։
«37 տարի է անցել այդ ողբերգական իրադարձություններից։ Եթե մենք դատենք միջազգային արձագանքներից, ապա դա եղել է Սովետական Միության փլուզման համատեքստում։
«Սումգայիթյան ջարդեր» անվանումն այպես էլ չփոխվեց «սումգայիթյան ցեղասպանություն» եզրույթով, որովհետև անկախ Հայաստանի իշխանություններն այդպես էլ չբնութագրեցին Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ հետևողական ցեղասպանական գործողությունները, դրանք այդպես էլ չստացան գոնե քաղաքական գնահատական։
Սովետական Հայաստանի ղեկավարությունը ևս դիմել էր Կրեմլին՝ ասելով, որ Սումգայիթում տեղի է ունեցել ցեղասպանական գործողություն, և պահանջել պատժել ոչ միայն կատարողներին, այլև կազմակերպիչներին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Լարիսա Ալավերդյանը։
Նրա բնորոշմամբ՝ նույն գործողությունները տեղի ունեցան արցախահայերի հետ արդեն Արցախում՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից սկսած։
«Այս գործողությունները դեռևս սպասում են իրենց բաց դատին ու բացահայտումներին։
Օրինակ, տարբեր լուրեր են շրջանառվում, որ 2023 թվականի սեպտեմբերի 17-ին Անկարայում հանդիպել են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի բարձրաստիճան դիվանագիտական ներկայացուցիչներ, սա չի հերքվել որևէ կերպ։ Դատելով հետագայում եղած արձագանքներից, կարող ենք ասել, որ եղել է պայմանավորվածություն։ Մասնավորապես՝ Ժոզեպ Բորելը սեպտեմբերի 20-ին հայտարարել էր, որ Եվրամիությունը շատ խիստ կդատի, եթե Ադրբեջանը տեղահանի ու բռնություն կիրառի արցախահայերի նկատմամբ, սակայն նույնիսկ պատժամիջոցներ չկիրառեցին Ադրբեջանի նկատմամբ։ Այսինքն՝ այն, ինչ մենք տեսնում ենք, ունեմ հիմքեր պնդելու, որ Արցախում տեղի ունեցածն առաջին հերթին տեղի է ունեցել ՀՀ իշխանության և բոլոր ամենապղտոր գլոբալիստական կենտրոնների ներկայացուցիչների համաձայնությամբ։ Այս ամենը հայտնի է եղել բոլորին, պայմանավորվածությունը՝ բոլոր կողմերի միջև, և ամենածանրագույն հանցագործությունը գործել է ՀՀ օրվա իշխանությունը»,- շեշտեց Լարիսա Ալավերդյանը։
Նրա բնորոշմամբ՝ Սումգայիթում, Բաքվում, Արցախում հայերի ջարդերն ունեն խիստ նմանություն, նրանց բոլորին տեղահանեցին, իսկ Արցախից տեղահանեցին արդեն բնիկ ժողովրդին։ Այս բոլոր դեպքերում էլ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներն ահ ու սարսափ էին տարածում՝ դաժան սպանություններ կատարելով ընտանիքներում, սպանելով նաև երեխաներին։
«Դաժան դեպքերը, որոնք նկարագրվել են, Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Օ’կամպոն դրանց մասին ևս խոսել է՝ ամբողջովին կրկնում են ցեղասպանական բոլոր մեթոդները, որոնք ներհատուկ են եղել Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացրած ցեղասպանությանը՝ 1915-1923 թվականներին։
Կրկնում եմ՝ ինչպես Սումգայիթում հայերի ջարդերի դեպքում Ադրբեջանը հանցավոր համաձայնություն էր ձեռք բերել Գորբաչովի հետ, այնպես էլ եղել է 2023 թվականին Արցախի դեպքում։ Վերջին ցինիկ ու լկտի հայտարարությունները, մասնավորապես՝ ԱԺ նախագահի պաշտոնում պատահական հայտնված անձի կողմից, ապացուցում են, որ ոչ միայն Ադրբեջանի հետ կա համապատասխան պայմանավորվածություն, այլև հստակ պահանջ, որպեսզի ամբողջ մեղքը դրվի արցախահայերի վրա։ Ճիշտ այնպես, ինչպես վարչապետի աթոռը զբաղեցնող անձը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության բոլոր հանցագործությունների մեղավորը ճանաչեց հայ ժողովրդին»,- ընդգծեց Լարիսա Ալավերդյանը։