Դանիել Իոաննիսյանի թեթև ձեռքով ու գործուն ջանքերով լիազորությունները դադարեցված դատավոր Արթուր Ստեփանյանի դիմումը ՍԴ-ն ընդունել է վարույթ

2024թ. հուլիսի 9-ին Կարեն Անդրեասյանի գլխավորած Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) դադարեցրեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները:

Հանրապետության՝ քաղաքացիաիրավական մասնագիտացմամբ լավագույն դատավորներից մեկի լիազորությունները դադարեցվեցին Կարեն Անդրեասյանի ընկերոջ՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի՝ դատավոր Ստեփանյանի վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդության «քննությունից» հետո:

Արթուր Ստեփանյանի լիազորությունները դադարեցվեցին էական կարգապահական խախտման հիման վրա: ԲԴԽ դատավոր անդամներ Արթուր Աթաբեկյանը, Էդգար Հովհաննիսյանը և Մերի Համբարձումյանը հայտնել էին հատուկ կարծիք՝ համաձայն չլինելով տույժի տեսակին, և կողմ էին քվեարկել խիստ նկատողության օգտին։

«Միջնորդության ներկայացման համար հիմք է հանդիսացել այն, որ դատավորը բազմաթիվ դատական գործերով մի քանի տասնյակ վճիռները Դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակել և վճռի օրինակը դատավարության կողմերին տրամադրել է օրենքով սահմանված ժամկետների կոպիտ խախտմամբ։

Կարդացեք նաև

Հաշվի առնելով դատավորի կատարած իրավախախտման բազմակի բնույթը՝ խորհուրդը հանգել է դատավորի լիազորությունների դադարման որոշմանը»,- նշված էր ԲԴԽ հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Արթուր Ստեփանյանի քննած գործերն Արդարադատության նախարարությունը հատուկ էր քրքրել, նպատակադրված, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հիմնադիր Դանիել Իոաննիսյանի «Փաստերի ստուգման հարթակում» հրապարակված տեղեկության հիման վրա, ու սա այն պարագայում, երբ դատավորների անմարդկային ծանրաբեռնվածության պարագայում նման խնդիր ունեն բոլոր կամ գրեթե բոլոր դատավորները:

Էլ չենք խոսում այն մասին, որ դատավորի լիազորությունների դադարեցումից հետո նրա վերաբաշխված գործերի քննությունը սկսվում է նորից, և այս կամ այն դեպքում որոշումները, միևնույն է, ուշանում են:

Փաստացի Արթուր Ստեփանյանի պարագայում առաջին անգամ կիրառվեց թիրախային կոմպլեքս ստուգման մոդելը: Սա աննախադեպ է հայկական իրականության մեջ: Երբևէ նման բան որևէ դատավորի նկատմամբ չէր կիրառվել: Արթուր Ստեփանյանին հատուկ ընտրել են, կոմպլեքս ստուգման ենթարկել՝ ֆորմալ ձևակերպելով՝ որպես քաղաքացու, տվյալ դեպքում՝ Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա հարուցված  վարույթ, որպեսզի դադարեցնեն դատավորի լիազորությունները:

Իսկ Դանիել Իոաննիսյանի թիրախում Արթուր Ստեփանյանը 168.am-ի տեղեկություններով՝ հայտնվել էր այն պատճառով, որ քաղաքացիական մի վարույթով, որը քննել է դատավոր Ստեփանյանը, Դանիել Իոաննիսյանի փաստաբանը հանդիսացել է ներկայացուցիչ, որի քննության ընթացքում բացարկներ է հայտնում Արթուր Ստեփանյանին, որպեսզի, ըստ էության, Արթուր Ստեփանյանը հրաժարվի քննել այդ գործը, սակայն վերջինս չի ընդունում: Սա էլ հենց պատճառ է հանդիսանում, որ Դանիել Իոաննիսյանի դիմումի հիման վրա քրքրեն Արթուր Ստեփանյանի քննած մի քանի տարվա գործերը:

Դատավոր Արթուր Ստեփանյանը ԲԴԽ-ում գործի քննության ընթացքում ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքին, որ վարույթը հարուցվել է ոչ պատշաճ սուբյեկտի հաղորդման հիման վրա, քանի որ Դանիել Իոաննիսյանը գործով շահագրգիռ անձ չէ, մինչդեռ, կողմն է գնահատում՝ իր իրավունքը խախտվե՞լ է, թե՞ ոչ։ Վարույթի օրինականության հարցի խնդրահարույց լինելու հանգամանքն ինքնին Արթուր Ստեփանյանը բավարար էր գնահատել՝ վարույթի կարճման համար։

Արթուր Ստեփանյանն այժմ դիմում է ներկայացրել ՍԴ՝ վիճարկելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (դատավորի վարքագծի կանոնները), 94-րդ հոդվածի 6-րդ մասի (Բարձրագույն դատական խորհրդի ակտերը և դրանց ընդունման կարգը), 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի (Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը՝ էական կարգապահական խախտում), 146-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (Կարգապահական վարույթի հարուցման առիթները), 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի (Դատավորների նկատմամբ՝ էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցումը), 152-րդ հոդվածի 1-ին մասի (ԲԴԽ-ում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության սահմանները)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։

Եվ ահա, փետրվարի 5-ին Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել վարույթ ընդունել Արթուր Ստեփանյանի դիմումը: Սա, անշուշտ, այս գործով հետաքրքիր  զարգացում է:

Այս գործով դատաքննությունը ՍԴ-ն կսկսի 2025թ. ապրիլի 1-ին՝ ժամը 11:00-ին: Գործով զեկուցող է նշանակվել ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը:

Տեսանյութեր

Լրահոս