«Հովվի տոպրակ»` ուտելի բուժարարը

Բուժիչ նամակներ

Պատկանում է խաչածաղկավորների ընտանիքի կաղամբազգիների ենթաընտանիքին։ Միամյա երկշաքիլավոր մոլախոտ է։ Կախված կլիմայական պայմաններից` կարող է հանդես գալ որպես վաղ գարնանային, ձմեռող և նույնիսկ ձմեռային մոլախոտ։ Տարածված է ՀՀ ողջ տարածքում` ցածրադիրից մինչև բարձր լեռնային գոտին։ Աճում է որպես մոլախոտ` բանջարանոցներում, այգիներում, ցանքադաշտերում, ճանապարհների եզրին, անմշակ վայրերում։

Արմատն իլիկաձև խորացող, ճյուղավորվող է։ Մերձարմատային վարդակը կազմող տերևները փետրաբաժան են, ցողունայինները` երկարավուն, նետաձև, նստադիր։ Ցողունի բարձրությունը 20-30 սմ է։ Ցողունի կեսից սկսած` ճյուղերի վերին մասում հատ-հատ նստած են մանր սպիտակ ծաղիկները։ Ծաղկում է ապրիլից մինչև խոր աշուն։ Պատիճանման պտղում ընդհանուր միջնորմի վրա նստած են 10-12 հատ մանր, դեղնադարչնագույն, օվալաձև սերմերը։ Պատիճը եռանկյունաձև է, կարերի մասում` խավոտ, ժողովուրդն այն նմանեցրել է հովվի քսակի` հովվամախաղին։ Հայերեն անվանումները բազմաթիվ են` հովվի պարկ, ճնճղկապաշար, ճնճղկան գաթա, եզան ճակտիկ և այլն։

Սերմերում պարունակվում են ճարպային թթուներ և մանանեխային յուղեր։
Կանաչ զանգվածը հարուստ է օգտակար նյութերով.

  • A, B, C, K վիտամիններ, նաև քոլին, ացետիլքոլին, տիրամին, ֆիտոնցիդներ, ֆլավոններ,
  • օրգանական թթուներ` խնձորի, կիտրոնի, գինու, ֆումարի, թրթնջուկի,
  • սապոնիններ, դաբաղանյութեր, խեժեր, ալկալոիդներ, բույսին բնորոշ գլիկոզիդներ,
  • բոր, բրոմ, կալիում, կալցիում, երկաթ, զգալի քանակությամբ պղինձ, ցինկ, սելեն, նաև քրոմ և մարգանեց։

Ճնճղկապաշարի հանդեպ ձևավորվել է երկակի` հակասական մոտեցում. ոմանք անխնա վերացնում են այն` որպես մոլախոտ, շատերն օգտագործում են սննդի մեջ, իսկ գիտակ մարդիկ հավաքում և չորացնում են բույսի վերգետնյա մասը` որպես դեղամիջոց։

dsc_0430Պտղի հասունացման շրջանում հումքը չի կարելի մթերել։ Ճնճղկապաշարի վրա հաճախ «բնակություն է հաստատում» սպիտակ գույն ունեցող սունկը։ Այն երկար ժամանակ անտեսանելի է մնում։ Փորձված մարդիկ 24-48 ժամով կախում են հումքը արևոտ տեղում` եթե բույսը պահպանում է իր գույնը, ապա այն կարելի է տեղափոխել ծածկի տակ և չորացնել (կախված վիճակում)։

Չորացրած զանգվածն ունի դառը համ, գրեթե անհոտ է. պահում են փակ ապակե կամ փայտե տարայում, մինչև 1 տարի։
Անտիկ ժամանակներից օգտագործվում է բժշկությունում, Հիպոկրատը խորհուրդ է տվել կիրառել արգանդի հիվանդությունների դեպքում։ Միջին դարերում լայնորեն օգտագործվել է արյունահոսությունների կանխարգելման համար։

Զգուշացում։ Կարևոր է իմանալ, որ ճնճղկապաշարից ստացված պատրաստուկները պետք է զգուշորեն օգտագործել արյան բարձր մակարդելիության դեպքում։

Թրոմբոֆլեբիտի և թրոմբագոյացման վտանգի, սակավ դաշտանի և հղիության դեպքում բույսի կիրառումը խստիվ արգելված է։
Ետծննդաբերական շրջան- Քամեք թարմ խոտի հյութը։ Խմեք 20-30-ական կաթիլ` օրը 4-5 անգամ։

Դաշտանի ուշացում. Խմեք 1-ական ճ/գ հյութ` օրը 5 անգամ, ուտելուց հետո։
Հիպերտոնիա, մարսողության խանգարում, ցածր թթվայնությամբ ստամոքսաբորբ, լյարդի և լեղապարկի բորբոքումներ. 1 ճ/գ թարմ խոտը 1 ժամ թրմեք 300 մլ տաք ջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։
Գիշերամիզություն. Խմեցրեք երեխային
20-ական կաթիլ հյութ` օրը 3 անգամ, շարունակեք 15 օր։
Միզաքարային և լեղաքարային հիվանդություն, միզապարկի բորբոքում, ռևմատիզմ.
2 թ/գ չոր խոտը 15 րոպե եփեք 300 մլ ջրում, վերականգնեք նախնական ծավալը եռջրով, 30 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ։
Արյունահոսող թութք. 2 թ/գ չոր խոտը 30 րոպե թրմեք 400 մլ եռջրում, քամեք։ Խմեք չափաբաժինը փոքր կումերով` մեկ օրվա ընթացքում։

  • Արգանդի ֆիբրոմիոմա, սեռական օրգանների բորբոքման հետևանքով առաջացող արյունահոսություններ (մենորագիա)։

Այս հիվանդությանը դեպքում խանգարվում է դաշտանի պարբերությունը։

  • Մանր կտրատեք թարմ խոտը, 6 թ/գ հումքը 8 ժամ թրմեք 800 մլ նախօրոք եռացրած սառը ջրում։ խմեք չափաբաժինը մեկ օրվա ընթացքում։

Նյութափոխանակման խանգարում, երիկամների տուրբերկուլյոզ. 1 ճ/գ չոր խոտը 30 րոպե թրմեք 70 մլ եռջրում, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։
Ցավոտ դաշտան. 1 թ/գ չոր խոտը 2 ժամ թրմեք 100 մլ եռջրում, քամեք։ Խմեք 2-ական ճ/գ` օրը 4 անգամ։
Հիպերտոնիա. Ապակե տարայի 2/3-ը լցրեք թարմ մանրացրած խոտով, մնացած ծավալը լրացրեք օղիով, 30 օր թրմեք, քամեք, մզեք հումքը ոգեթուրմի մեջ։ Խմեք 25-ական կաթիլ, օրը 3 անգամ, ուտելուց առաջ` 1 ճ/գ ջրի հետ։ Կարելի է օգտագործել երկար ժամանակ։
Սթրես. Խմեք 40-ական կաթիլ թարմ հյութ, օրը 3 անգամ` ջրի հետ։

  • Լուծեք թարմ հյութն օղու մեջ (1։1)։ Խմեք 40-ական կաթիլ, օրը 3 անգամ, ջրի հետ` հիպերտոնիայի, սթրեսի, լյարդի և երիկամների հիվանդությունների դեպքում։

Նյարդային խանգարում` անքնություն, գրիպ, հազ. 1 ճ/գ ճնճղկապաշարի պտղի պատիճը 15 րոպե եփեք 200 մլ եռջրում, վերականգնեք նախնական ծավալը եռջրով, 1 ժամ թրմեք։ Խմեք 50-ական մլ` օրը 4 անգամ։

  • Ճնճղկապաշարի թարմ տերևներն օգտագործվում են սննդի մեջ` ապուրի, աղցանի, վինեգրետի, կարկանդակի, վարունգի և լոլիկի թթուներում։
  • Սերմն օգտագործվում է` որպես դառը, կծվահամ համեմունք։

«168 ԺԱՄ»

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Արդեն վաճառքում է Ջուլիետա Սահակյանի հեղինակած «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը, որը վաճառվում է «Նոյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից։

Տեսանյութեր

Լրահոս