Ճապոնիայի պետական ​​պարտքը հասել է ռեկորդային մակարդակի

Ճապոնիայի պետական ​​պարտքը 2024 թվականի վերջի դրությամբ ավելացել է և հասել երկրի պատմության մեջ ամենաբարձր մակարդակի՝ կազմելով գրեթե 1,317 տրիլիարդ իեն (ընթացիկ փոխարժեքով գրեթե 8,7 տրլն դոլար)։

Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է Ճապոնիայի ֆինանսների նախարարությունը։

Պարտքի գումարը 2023 թվականի վերջի դրության համեմատ ավելացել է 31,8 տրլն իենով (ավելի քան 205 մլրդ դոլար)։ Ինչպես նշում է Kyodo լրատվական գործակալությունը, Ճապոնիայի ներկայիս կառավարությունը հազիվ թե կարողանա կրճատել պարտքը, քանի որ չունի մեծամասնություն պետական ​​բյուջեն հաստատող խորհրդարանի ստորին պալատում և ճնշման է ենթարկվում ընդդիմության կողմից, որը պահանջում է նվազեցնել հարկերը և ընդլայնել, մասնավորապես, կրթության ծախսերը։

Ճապոնիայի բյուջեի դեֆիցիտն այս ֆինանսական տարում (2024 թ. ապրիլ–2025 թ. մարտ) կազմում է 34,95 տրլն իեն (գրեթե 230 մլրդ դոլար):

Այն ծածկվում է պետական ​​պարտատոմսերի թողարկման հաշվին։ Դրանց գումարը վերջին երեք տարիների ընթացքում նվազել է, սակայն Ճապոնիայի բյուջեի կախվածությունը պարտքային պարտավորություններից նախկինի նման մնում է մոտ 30%-ի մակարդակում:

Երկրի պետական ​​պարտքն ավելի քան կրկնապատիկ գերազանցում է ազգային ՀՆԱ-ն։ Միևնույն ժամանակ պետական ​​պարտատոմսերի ճնշող մեծամասնությունը գտնվում է ճապոնական իրավաբանական և ֆիզիկական անձանց ձեռքին, ինչը նվազեցնում է դեֆոլտի վտանգը:

Տեսանյութեր

Լրահոս