Չի կարելի հերքել անհերքելին. առանց ՀՀԿ-ի ներհայաստանյան պրոցեսներ հնարավոր չեն. Մամիկոն Ասլանյան
«Հերքել անհերքելին, մտնել այնպիսի բանավեճի մեջ, որտեղ դու ի սկզբանե պարտված ես, ծիծաղելի է: Նույն ՀՀԿ-ն էլ ընդունել է իր սխալները, ցանկացած մարդ է ընդունել իր սխալները: Բայց հերքել, որ այդ կուսակցությունը՝ իր ներուժով, կադրային բազայով, արտաքին կապերով, մեծ ներուժ ունի, ու ներհայաստանյան պրոցեսներն առանց այդ կուսակցության չեն կարող լինել, կարծում եմ, դա էլ ծիծաղելի է այն մարդկանց առնչությամբ, ովքեր դա հերքում են»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց քաղբանտարկյալ, Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ին թիրախավորելու՝ որոշ ընդդիմադիր ուժերի ընդգծված գործելակերպին:
Վերջիս անդրադարձավ նաև արհեստածին «նախկին-ներկա» խոսույթին:
«Ի՞նչ է նշանակում նախկին: Ո՞վ է նախկին, ո՞վ՝ ներկա։ 2018թ.-ից հետո անձնագիր ստացածնե՞րն են ներկա։ 1.5 տարի աշխատել եմ ՀՀԿ-ի հետ, 3 տարի՝ ՔՊ-ի հետ։ Հիմա ես նախկի՞ն եմ, թե՞ ներկա։ Եթե նախկին օդիոզ դեմքերի մասին է խոսքը, ում մասին այդքան առասպելներ ու հիշատակումներ եղան, ապա այդ մարդիկ հիմա էլ են նորմալ ապրում, գոյատևում, աշխատում այս իշխանությունների հետ։ Ովքեր քաղաքական միտք են հնչեցրել, ովքեր իրենց սկզբունքներին չեն դավաճանել, նրա՞նք են նախկին: Ո՞վ էր նախկին, Արմեն Աշոտյա՞նն էր չգոյատևողը… Այսօր մարդիկ կան, 90-ականներից իրենց անունը շոշափվում է, աշխատում են նախկինների նախկինների նախկինների ժամանակներից, պաշտոններ զբաղեցրած մարդիկ են, 3 կառավարությունների հետ աշխատած: Էս փոքր երկրում թիրախավորել խմբերի, խժդժություն գցել ընդդիմության մեջ, երկրորդ կարգի մասնագետների միջոցով իրար գզել, ուտել կամ նոր առաջ եկող ուժերն ի՞նչ են ուզում: Ասում են՝ Հանրապետականը, 2-րդ նախագահը, այլ ուժեր թող բերեն իրենց ռեսուրսները, կադրային բազան, խելքը փորձն ու իմաստությունը փոխանցեն մեզ, մենք առաջ գնանք, իրենք՝ հետ… Որ ի՞նչ»,- ասաց Մամիկոն Ասլանյանը:
Նրա խոսքով՝ այն, ինչ պետք է տեղի ունենա, պետք է տեղի ունենա բնական ճանապարհով:
«Ո՛չ զոռով քեզ սիրել կարող ես տալ, ո՛չ հարգել: Հետևաբար՝ երբ որ քաղաքական դաշտում, հրապարակում, ամբիոնի վրա մարդն ինչ-որ կուրծք ծեծող բարձրագոչ հայտարարություններ է անում, և դա չի անցնում, գործողություններ չեն դառնում, որևէ կերպ հիմնավորված ու ամրագրված չեն, ճանապարհ, փորձ, ռեսուրս չկա, ուրեմն այդ հայտարարություններն ընդամենը մերկապարանոց հայտարարություններ են»,- ասաց Վանաձորի ընտրված համայնքապետը:
Նրա խոսքով՝ իր համար անհասկանալի է, երբ հիմնական խնդիրները թողած՝ թիրախավորում են ճանապարհ անցած քաղաքական ուժերին:
«Ես երբ դարձել եմ քաղաքապետ, քաղաքի կառավարման մեջ կուսակցականություն չեմ մտցրել: Իսկ այն մարդիկ, ովքեր տարիներով տիզի նման նույն Հանրապետական կուսակցությունից տարել, կերել են, այսօր նրանց մի մասն էլ է թիրախավորել թե՛ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, թե՛ կուսակցությանը: Քոչարյանի ժամանակների աշխատած-ապրած-բարգավաճած-ծաղկածները Քոչարյանին են քննադատում, Առաջին նախագահին են քննադատում: Ուզում եմ ասել՝ էսօր ամենահեշտը քննադատելն է: Կա ծրագիր, գնացեք, արեք, ո՞վ է ձեր ձեռքը բռնում»,- ասաց Մամիկոն Ասլանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: