ԵՄ-ի մասին օրենքի ընդունումը չի նշանակում անդամակցել Եվրամիությանը. Փաշինյանը պատմում է՝ ինչ է խոսել Պուտինի հետ
Այսօրվա ասուլիսին լրագրողը Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ՌԴ-ից եղել են սպառնալիքներ, որ եթե Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու պրոցես սկսի, ՌԴ-ն պատժամիջոցներ կկիրառի, օրինակ՝ կթանկացնի գազը, կարգելի հայկական ապրանքների դեպի ՌԴ ներկրումը, Լարսը կփակի, և եթե պատժամիջոցներ լինեն, ումի՞ց ենք ներկրելու ցորեն, գազ, կամ ԵՄ-ն կընդունի՞ հայկական ապրանքները, որ մեր տնտեսությունը չփլուզվի:
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Վլադիմիր Պուտինի հետ խոսակցությունը եղել է ոչ միայն այդ թեմայով. «Դա եղել է խոսակցություն ԵԱՏՄ-ում ընթացիկ գործերի և երկկողմ հարաբերությունների մասին: Տա տեղավորվում է մեր երկկողմ հարաբերությունների և ԵԱՏՄ շրջանակում: Խոսակցությունը հետևյալի մասին է. փաստ է, որ ՀՀ քաղաքացիներն ավելի քան 50 հազար ստորագրություն են հավաքել և կոնկրետ հարց են առաջադրել ՀՀ ԱԺ-ին և կառավարությանը, որը համապատասխանում է ՀՀ կառավարության հայտարարություններին: Ես դեռ այն ժամանակ իմ համոզմունքն եմ արտահայտել, որ այդ թեմայի շուրջ մարդիկ կհավաքեն և՛ 50 հազար ստորագրություն, և՛ 300 հազար ստորագրություն: Եթե ԱԺ-ն մերժի օրենքի ընդունումը, որոշ ժամանակ անց պետք է անենք հանրաքվե, որովհետև սահմանադրական կարգավորումները հստակ են: Հիմա, ընդհանուր համատեքստում, ինչո՞ւ է ՀՀ քաղաքացիների շրջանում նման ընկալում ձևավորվել, դա նաև ՀՀ-ՌԴ հարաբերությունների օրակարգի հետ կապված հարց է»:
Ինչ վերաբերում է ՌԴ դիրքորոշումներին, նա նշեց, որ Ռուսաստանը պրոցեսի հետ կապված որոշ անհանգստություններ ունի. «Մեր խոսակցությունները երբեք չեն եղել և չեն լինի սպառնալիքների լեզվով: Այն, որ ՌԴ-ն ունի որոշակի անհանգստություններ, ակնհայտ է: Այն, որ մենք էլ ունենք որոշակի անհանգստություններ ՌԴ դիրքորոշումների և քաղաքականությունների հետ կապված, դա էլ է փաստ: Բայց այն, որ մենք շարունակում ենք ՌԴ-ի հետ երկխոսությունը, դա էլ է փաստ: Այն, որ մենք շարունակելու ենք ՌԴ-ի հետ երկխոսությունը, դա էլ է փաստ: Այն, որ մենք շարունակելու ենք խորացնել մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ, դա էլ է փաստ: Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, պետք է ուշադիր լինել, որ ԵԱՏՄ շրջանակներում չանել քայլեր, որ ինքնին հարցականի տակ կդնի ԵԱՏՄ բովանդակությունը: Արդեն, ցավոք սրտի, եղել են քայլեր, որ մեր գնահատմամբ կասկածի տակ են դրել ՀԱՊԿ գործունակությունը, և նաև դա է պատճառը, որ ՀՀ-ն սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը: Այսինքն՝ ամեն ինչ միակողմանի չէ: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի գործընկերային հարաբերություններ լինեն»:
Նա նշեց, որ քաղաքացիներն ունեն հարցեր տալու իրավունք, որոնցից մեկը ՀՀ անդամակցությունն է ԵՄ-ին. «Մենք հարցերին դեռ պատասխաններ չենք տալիս, ասում ենք՝ այդ թվում՝ քաղաքացիներն ունեն հարցեր տալու իրավունք, այդ հարցերից մեկը կարո՞ղ է ԵՄ անդամ դառնալու ուղղությամբ գնալն է: Ունի՞ իրավունք քաղաքացին այդ հարցը տալ, այո, ունի իրավունք: Ընդգծեմ, որ օրենքի ընդունումը չի նշանակում ՀՀ-ի անդամակցություն ԵՄ-ին, այդ օրենքի ընդունումը նշանակում է, որ ՀՀ-ում կան շատ քաղաքացիներ, ովքեր մտածում են, որ ԵՄ-ն ավելի լավ տարբերակ է, քան ԵԱՏՄ-ն: Այդ թվում՝ ԵԱՏՄ-ի համար է ընտրանք՝ որ ճանապարհով գնալ, ապացուցել, որ ԵԱՏՄ-ն ավելի լա՞վ տարբերակ է, քան ԵՄ-ն, թե՞ հակառակը»:
Նա հավելեց, որ ԵՄ-ին անդամակցելու պարագայում ինչ-որ շուկայի 50 տոկոս Հայաստանը կկորցնի, ինչ-որ շուկայի 100 տոկոս ձեռք կբերի. «Բայց հիմա խոսքը ԵՄ-ին անդամագրվելու մասին չէ: Դա քաղաքական դեկլարացիա է, որը դեռ պետք է սպասարկվի»:
Հարցին՝ իսկ ԵՄ-ում սպասո՞ւմ են, նա արձագանքեց. «Այդ հարցին ԵՄ-ն կպատասխանի, հուսով եմ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում