Քաղաքական հնչեղ գործերով հայտնի դատախազ Հայկ Հարությունյանին «գցել են»

Քաղաքական հայտնի, հնչեղ գործերով հայտնի դատախազ Հայկ Հարությունյանին «գցել են»: 168.am-ի տեղեկություններով՝ վերջինիս առաջարկել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետի տեղակալի պաշտոնը՝ խոստանալով հանգիստ կյանք:

Սակայն ինչ-ինչ պատճառներով այդ նշանակումը չի հաջողվել գլուխ բերել, և ափալ-թափալ աշխատանքից ազատման դիմում գրած Հայկ Հարությունյանը մնացել է կոտրած տաշտակի առաջ:

Դատախազությունից ի պատասխան մեր հարցի՝ արդյո՞ք Հայկ Հարությունյանն աշխատանքից ազատման դիմում է գրել, անորոշ պատասխան տվեցին, ասացին, որ նման տեղեկության չեն տիրապետում, եթե լինի, կհրապարակեն:

Թե ով է «գցել» Հայկ Հարությունյանին, Ծառայության նորանշանակ պետ Սիրո Ամիրխանյա՞նը, թե՞ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, դժվար է ասել, սակայն մի բան ակնհայտ է. չի բացառվում, որ հաշվի առնելով այն գործերը, որոնցով որպես հանրային մեղադրող՝ հանդես է գալիս Հայկ Հարությունյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, անսալով տարատեսակ խնդրանքներին, կրկին հետ ընդունի նրան՝ Հարությունյանին գցելով լավության տակ մնացողի պարտավորության տակ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Կարդացեք նաև

Բայց դժվար է պնդել. հետ կընդունի՞, թե՞ չէ Աննա Վարդապետյանը համակարգից թռածին, հատկապես, եթե նոր պաշտոնի անցնելու համար բանակցություններ Հարությունյանն իր վերադասից գաղտնի է վարել:

Հիշեցնենք, որ Հայկ Հանրությունյանը հանրային մեղադրող է՝ այդ թվում Լևոն Քոչարյանի, «Իմնեմնիմիի» գործերով:

Տեսանյութեր

Լրահոս