
Նիկոլը զզվացրել է և՛Արևմուտքին, և՛ Ռուսաստանին. կա կոնսենսուս. 2025թ. ճակատագրական է լինելու նրա համար. Մարգարիտ Եսայան
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանն այն կարծիքին է, որ 2025թ. ճակատագրական է լինելու Նիկոլ Փաշինյանի համար:
«Ազգովի հայտնվել ենք մի տեղապտույտի մեջ, որը մեզ տանում է դեպի կործանում: Կողքից կարող է թվալ, որ Նիկոլ Փաշինյանն ընդամենը զազրախոսում է, բայց իրականում նա շատ լրջորեն, հավասարակշռված և ճշգրիտ իրականացնում է իր առջև դրված ծրագրերը և նրա զազրախոսությունները նույնպես այդ սցենարի մաս են կազմում: Այս մասին տարբեր տարիների ասվել է, բայց հուսամ, որ 2025թ. ռեալ արդյունքով կտեսնենք. որոշակի տեղեկություն կա, որ 2025թ. Նիկոլ Փաշինյանի համար լինելու է ճակատագրական: Ե՛վ աշխարհաքաղաքական, և՛ ներքին ուժեր այլևս ունեն կոնսենսուս, որ Փաշինյանը զզվացրել է բոլորին՝ և՛ Արևմուտքին, և՛ Ռուսաստանին, և՛ երկրի ներսում: Նրա շատախոսությունը բացատրվում է դրանով»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Մարգարիտ Եսայանը «հիմնավորված հույս ունի», որ 2025թ. ընթացքում կազատվենք Նիկոլ Փաշինյանի շատախոսությունից.
«Մեկ բան ունենք անելու՝ Փաշինյանին հեռացնել իշխանությունից, ուղղակի նրա տակից վերցնել վարչապետի աթոռը և ուղարկել համապատասխան ուղղիչ աշխատանքային գաղութ, որովհետև Նիկոլ Փաշինյանն այնքան հանցագործություն է կատարել ընդդեմ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի, որ մի քանի հատոր մեղադրական եզրակացություններ և մեղադրական հոդվածներ կգրվեն, երբ այդ վարչապետի աթոռը նրա տակից կարողանա մեր հասարակությունը հանել»:
Նա քմծիծաղով է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե արտահերթ ընտրությունների ծրագիր չունեն. «Նրանք առհասարակ ծրագիր չունեն, նրանց փոխարեն դա որոշում են, և երբ իրեն ասեն՝ գնում ես արտահերթ ընտրությունների, ինքը հեզ ուլի նման կգնա արտահերթ ընտրությունների, պարզապես ժամկետները սեղմվում են: Ես չեմ զարմանա, որ ուրբաթ օրն ասուլիսի ժամանակ ասի՝ երկու օր առաջ ասել էի, որ արտահերթի պլաններ չունենք, էսօր միտքս փոխել եմ, մի քիչ Աննայի հետ տիկտոկ խաղացինք, մտածեցինք՝ ինչի՞ չգնանք: Այդ մարդու բոլոր գործողություններն այսպիսի տրամաբանություն կամ անտրամաբանություն ունեն»:
Նրա համար ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանն իրականացնում է թուրքական ծրագիր, ասում է այն, ինչ անգամ թուրքերը չեն համարձակվել ասել. «Ես վստահեցնում եմ՝ թուրքերն էլ են զզվում Փաշինյանից, որովհետև այսպիսի զզվելի յան ազգանունով անձանցից, թեկուզ այդ մարդն իրենց ասածն է անում, բնականաբար զզվում են: Իրենց երկիրը դավաճանողներին որևէ ազգ, որևէ պետության ղեկավար չի կարող ընդունել և չի կարող չզզվել: Նիկոլը համընդհանուր զզվանք է առաջացրել ամբողջ աշխարհում: Ի ամոթ մեզ, մեզ դրել է ոչ արժանապատիվ վիճակի մեջ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում