Զբոսաշրջային գործունեություն իրականացնող սուբյեկտների համար մի շարք պահանջներ կսահմանվեն
ՀՀ կառավարությունը հունվարի 23-ի նիստում հաստատեց զբոսաշրջային գործունեություն ծավալող սուբյեկտների կողմից համապատասխան ծառայությունների մատուցման կանոնները և պահանջները սահմանելու մասին որոշման նախագիծը։ Ներկայացնելով նախագիծը՝ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ դրանով առաջարկվում է սահմանել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից համապատասխան ծառայությունների մատուցման կանոնները և պահանջները, որոնք նպատակ ունեն ոչ միայն հստակ տարբերակելու զբոսաշրջային օպերատորների և զբոսաշրջային գործակալների գործունեությունը, այլև ապահովելու որակյալ ծառայությունների, հավասար մրցակցային դաշտի առկայությունը ոլորտում։
Ըստ այդմ՝ զբոսաշրջային օպերատորի և նրա ղեկավարի նկատմամբ ներկայացվում են մի շարք պահանջներ։ Մասնավորապես, պահանջվելու է ոլորտում նվազագույնը երեք տարվա աշխատանքային ստաժ կամ աշխատանք կատարելու փորձ (կամ ծառայություն մատուցելու) , կամ՝ զբոսաշրջության ոլորտում բարձրագույն, միջին մասնագիտական կրթություն։
Առցանց եղանակով զբոսաշրջային ծառայությունների մատուցման դեպքում կպահանջվի գործող, մշտապես թարմացված կայք՝ մի քանի լեզուներով։ Յուրաքանչյուր էջի նկատելի մասում պետք է նշված լինի թարմացման ամսաթիվն ու տարեթիվը։
Առանձնացված բաժնում անհրաժեշտ է լինելու ներկայացնել տեղեկություններ զբոսաշրջային օպերատորի, ֆիրմայի անվանման, հարկ վճարողների հաշվառման հասցեի, համարի, բանկային վավերապայմանների, գրասենյակի հասցեի, կառավարման մարմինների և դրա անդամների վերաբերյալ։
Կայքում պետք է արտացոլվի առաջարկվող զբոսաշրջային փաթեթների, տուրերի կամ այլ զբոսաշրջային ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը։