Բաժիններ՝

Պենտագոնը 1500 զինվորական, ուղղաթիռներ և հետախուզական ուժեր է ուղարկում ԱՄՆ-ի հարավային սահման

ԱՄՆ-ն անօրինական ներգաղթյալների՝ երկիր մուտք գործելու դեմ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված միջոցառումների շրջանակներում լրացուցիչ ուժեր է ուղարկում Մեքսիկայի հետ սահման:

Այս մասին հայտնել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Ռոբերտ Սելսիսը:

«Պաշտպանության նախարարությունը կսկսի ամրապնդել հարավարևմտյան սահմանը, այնտեղ լրացուցիչ կտեղակայի 1500 զինծառայող, ինչպես նաև ուղղաթիռներ՝ անձնակազմերով ու հետախուզության վերլուծաբաններով՝ հայտնաբերելու և մոնիթորինգի միջոցառումներին աջակցելու համար», – ասվում է Սելսիսի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Պենտագոնի կայքում:

Նրա խոսքով՝ այդպիսով 60 տոկոսով կմեծանա ցամաքային ուժերի ներկայությունը սահմանին Թրամփի կողմից պաշտոնն ստանձնելու պահից ի վեր։

Ավելի վաղ, ԶԼՄ-ների տվյալներով, սահմանին տեղակայվել էր 2500 զինվորական։Պենտագոնը նաև օդուժ կտրամադրի Սան Դիեգոյից, Կալիֆոռնիայից և Էլ Պասոյից ավելի քան 5000 անօրինական ներգաղթյալների արտաքսելու համար, և օգնություն կցուցաբերի ժամանակավոր ու մշտական ​​ֆիզիկական արգելապատեր կառուցելու գործում՝ նրանց հոսքն ու անօրինական թրաֆիքինգը կանխարգելելու նպատակով:

Իր հերթին The Washington Post թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը, գրել է, որ Թրամփը մտադիր է լրացուցիչ 10 000 զինծառայող ուղարկել Մեքսիկայի հետ սահման։Հունվարի 22-ին CNN-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հաղորդել է, որ ամերիկա-մեքսիկական սահմանին նաև տեղակայվել է Ազգային գվարդիայի 4500 զինվոր։

Ըստ Սպիտակ տան՝ լույս հունվարի 23-ի գիշերը Թրամփը կատարողական հրամանագիր է ստորագրել, որը դադարեցնում է հարավային սահմանով օտարերկրացիների մուտքը Միացյալ Նահանգներ:

Հունվարի 21-ին Թրամփը հրամանագիր էր ստորագրել ԱՄՆ-ի հարավային սահմանին արտակարգ դրություն հայտարարելու մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս