Անտառում հայտնաբերված՝ Գավառի բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի որդու մահվան պատճառը եղել է դժբախտ պատահարը (լուսանկարներ, տեսանյութ)
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի քննիչի կողմից նշանակված մի շարք փորձաքննությոններ՝ կապված այս տարվա մարտի 20-ին Նորատուսի անտառում հայտնաբերված 22-ամյա Կարեն Կարապետյանի մահվան փաստով, ավարտվել են:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 20-ին ժամը 17:00-ի սահմաններում Նորատուսի անտառում հայտնաբերվել էր Կ. Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով, իսկ դիակի մոտ էլ օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել էր որսորդական հրացան:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 16-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, երիտասարդի հարազատները Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Ոստիկանության Գավառի բաժնի, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, Գեղարքունիքի Փրկարար վարչության, Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները և Սևանի հատուկ ջրասուզակները՝ Նորատուսի ողջ գյուղի հետ, որոնում էին երիտասարդին:
Եվ միայն օրեր անց հայտնաբերել էին դին:
Դիակի փորձաքննությամբ պարզվել է, որ երիտասարդը մահացել է ոչ թե մարտի 20-ին, այլ մարտի 16-ին:
Նշանակված հետքաբանական, մատնադրոշմային և ձգաբանական փորձաքննության արդյունքներն էլ շուտով կուղարկվեն Ոստիկանության Գեղարքունիքի մարզի քննչական բաժին, և ըստ տեղեկությունների՝ հարուցված քրեական գործը՝ հանցակազմի բացակայության պատճառով կկարճվի, քանի որ մահվան պատճառը եղել է այն, որ երիտասարդը, չիմանալով զենքից օգտվելու կանոնները, անզգուշաբար սեղմել է ձգանը, ինչից հետո էլ հնչել է կրակոց , ինչն էլ դարձել է մահվան պատճառ:
Ի դեպ, ոստիկանությունը երեք վարկածի ուղղությամբ էր աշխատում. սպանության, ինքնասպանության և դժբախտ պատահարի: Եվ արդյունքում պարզվում է, որ հերքվում են սպանությունն ու ինքնասպանությունը:
Հիշեցնենք, որ մահացածը Գավառի բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի որդին էր, իսկ նրա քեռին Նորատուսի գյուղապետն է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի