
«Ոմանք փախստական են, ոմանք՝ ՀՀ քաղաքացի, պետք է ենթարկվեն մեր որոշումներին». Ալեն Սիմոնյանը՝ արցախահայերին
Այսօր խորհրդարանում լրագրողներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս կարձագանքի Բաքվում ընթացող` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությանը։
Սիմոնյանն արձագանքեց, ասելով՝ այդտեղ արձագանքելու ի՞նչ կա։
«Հետևում ենք, գիտենք, տեսնում ենք՝ ինչ է կատարվում, բայց արձագանքելու որևէ բան չկա։
Ակնհայտ է, թե ինչ է տեղի ունենում, ցավալի է, հույս ունենանք, որ դատավարությունն ավարտից հետո հնարավորություն կտա այդ մարդկանց ինչ-որ ձևով հետ բերելու, ազատելու քննարկում ունենալ»,- նշեց Ալեն Սիմոնյանը։
Լրագրողի հարցին՝ իսկ հայկական կողմի ջանքերն այդ ուղղությամբ բավարա՞ր են, քանի որ Արցախի ներկայացուցիչները և ՀՀ ընդդիմությունը հայտարարում են, որ հայկական կողմը բավարար ջանքեր չի գործադրում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.
«Ղարաբաղի նախկին պաշտոնյաների ասածներին միտված չեմ հետևել ու համարում եմ, որ լավ կլինի, եթե իրենք հնարավորինս շատ չխառնվեն, լռեն։ Իրենք ինչքան խառնվեցին, դրա հետևանքը տեսանք։
Կարծում եմ՝ իրենց կողմից ճիշտը լռելն է։ Իրենք ՀՀ-ում կարգավիճակ ունեցող մարդիկ են, ոմանք քաղաքացի են, ոմանք՝ փախստական։ ՀՀ իշխանությունը մեկն է, և, այո, մենք պետք է որոշում կայացնենք, և իրենք ենթարկվեն այդ որոշումներին, այլ ոչ թե փորձեն ինչ-որ առանձին օրակարգ առաջ բերեն։ Դա չի ստացվելու, թույլ էլ չենք տալու, ու թող հանկարծ չսխալվեն, բազմիցս դրա մասին ասել ենք»։
Հիշեցնենք, որ Բաքվի դատարանում այսօր ևս շարունակվելու է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործով դատական նիստը, որը մեկնարկել է հունվարի 17-ին։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում