«Վերջին 4 տարիների ընթացքում բոլոր հարցերը հնչեցրել ենք, հերթը հիմա իրենցն է, որ մեր հարցերին պատասխան տան». Հռիփսիմե Հակոբյան

Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորածների հարցով ԱԺ լսումները տեղի կունենան հունվարի վերջին։

Դեռևս նախորդ տարվա վերջին անհետ կորած զինծառայողների ծնողները հավաքվել էին ԱԺ-ի մոտ՝ պահանջելով հանդիպում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ, որպեսզի պարզեն՝ ինչո՞ւ չի հրապարակվում քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Անդրանիկ Քոչարյանը նրանց չընդունեց, փոխարենը՝ նրանց հետ հանդիպեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոստանալով անցկացնել ԱԺ լսումներ։

«Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Հռիփսիմե Հակոբյանը, 168.am-ին փոխանցեց, որ ԱԺ լսումներին մասնակցելու համար իրենց որևէ մեկը դեռևս որևէ բան չի ասել՝ եթե հրավիրեն, անպայման կմասնակցեն, քանի որ շատ հարցեր ունեն, որոնք պետք է հնչեցնեն։

«Իհարկե, մասնակցելու ենք, քանի որ ակնկալիքներ ունեմ ու շատ հարցեր։

Կարդացեք նաև

Հիմա պետք է Ալիևին ստիպեն, որպեսզի բռնի անհետ կորածների մասին տվյալներ ասի ծնողներին, որոնք փաստեր ունեն, իմ միակ հույսը սա է, որ մի բան մեզ կասես, այլ ակնկալիք չունեմ, որովհետև Սիրանուշ Սահակյանն էլ է ասել, որ մենք 83 բռնի անհետ կորածներ ունենք։

Նիկոլ Փաշինյանից ակնկալիքներ չունեմ, մոտ 2 ամիս առաջ մենք հանդիպել ենք նրա հետ, որևէ նորմալ արձագանք չեղավ մեր հարցերին, միայն ասաց՝ «մինչև խաղաղության պայմանագիրը չլինի, մենք որևէ բան չենք կարող անել գերիների հետ կապված»։ Անձամբ եմ Փաշինյանից լսել, որ պայմանագրում կետ կա, որը վերաբերում է գերիներին, չնայած իշխանության տարբեր ներկայացուցիչներ ասել են, որ պայմանագրում գերիների հետ կապված կետ չկա։

Ես էլ իրեն ասացի, որ, ախր մենք ունենք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որով նախատեսված էր գերիների փոխանակում բոլորը՝ բոլորի դիմաց։ Եթե այդ եռակողմ հայտարարությունը մեզ որևէ բան չտվեց, խաղաղության պայմանագիրն ի՞նչ է տալու, Փաշինյանը պատասխանեց, որ՝ «մեծ հույսեր ունի, պայմանագիր ստորագրելուց հետո շատ բան կփոխվի»»,- նշեց Հռիփսիմե Հակոբյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանից նաև հետաքրքրվել է, թե ի՞նչն է պատճառը, որ միջազգային հարթակներում գերիների, անհետ կորածների հարցը չի բարձրաձայնում, լռում է։

Սակայն Փաշինյանի պատասխանը հստակ չի եղել։

«Երբեմն հասկանում եմ, որ վերջին 4 տարիների ընթացքում իմ բոլոր հարցերը սպառվել են, 4 տարիների ընթացքում այդ բոլոր հարցերը հնչեցրել ենք, հերթը հիմա իրենցն է, որ մեր հարցերին պատասխան տան»,- ընդգծեց Հռիփսիմե Հակոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս