Երևանի արձագանքը տարակուսանք է հարուցում, խոսքը լրագրողի ձևակերպման մասին է, Մոսկվայի դիրքորոշումը հայտնի է բոլորին. Զախարովան՝ Կիսելյովի ձևակերպումների պատճառով ՀՀ ԱԳՆ նոտայի մասին
«Երևանի արձագանքը տարակուսանք է հարուցում»,- այս մասին այսօր բրիֆինգի ընթացքում հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՀՀ-ում ՌԴ դեսպանին ԱԳՆ-ից փոխանցված բողոքի հայտագրի մասին։
Նշենք, որ օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳՆ է կանչվել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել էր, որ դեսպանն ԱԳՆ է կանչվել հունվարի 12-ին Ռուսաստանի համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել են, ըստ ՀՀ ԱԳՆ-ի, արհեստականորեն գեներացված խոսույթներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր: Իր հերթին ռուս հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովը նշել էր, թե չի հասկանում՝ ինչն է մտահոգել «հայ եղբայրներին»։
Զախարովան ասաց, որ խոսքը պարզապես լրագրողի արած արտահայտությունների մասին է։ «Մենք մշտապես Երևանից լսում ենք, որ Հայաստանը հավատարիմ է խոսքի ազատությանը, առավել ևս ՀՀ իշխանությունը դա վերածել է օրվա հրամայականի։ Իսկ մեր պետության պաշտոնական դիրքորոշումը Երևանին շատ լավ հայտնի է։ Դրա էությունը մենք բազմիցս ներկայացրել ենք մեր բրիֆինգների ընթացքում։ Մենք հետևողականորեն խոսում ենք Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման մասին 2020-2022 թթ. բարձրաստիճան պայմանավորվածությունների հիման վրա։ Խոսքը նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների մասին է, որոնցում ամեն բան հստակ նշված է»,- ասաց Զախարովան՝ մեջբերելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը։
Նա նշեց, որ փոխվարչապետների հանձնաժողովի աշխատանքի հիմքն այս պայմանավորվածություններն են, այդ աշխատանքների ընթացքում էական պրակտիկ արդյունքներ են ձեռք բերվել։ Զախարովան նաև ընդգծեց. «Եռակողմ աշխատանքային խմբում երբեք խոսք չի եղել ՀՀ-ում արտատարածքային միջանցքների ձևավորման մասին»։
Մանրամասները՝ տեսանյութում։