Գարեգին Բ-ն տարեվեջին տեսակցել է բոլոր նորածիններին և նրանց մայրերին
Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն նախորդ տարի դեկտեմբերի 31-ին այցելել է Էջմիածնի բժշկական կենտրոնի ծննդատուն: Հայտնում են Մայր Աթոռից:
Ծննդատան ղեկավարության ուղեկցությամբ Նորին Սրբությունը տեսակցել է բոլոր նորածիններին և նրանց մայրերին, օրհնել ու աղոթել նրանց առողջության և երջանկության համար:
Օրհնությանն արժանացել են նաև ծննդաբերությանն սպասող կանայք։ Նորին Սրբությունը ծննդատանը նվիրել է Սուրբ Աստվածածնի սրբանկար։ Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակը բոլոր նորածիններին ու նրանց մայրերին նվերներ է բաշխել: